Կարմիր գիծն արդեն հատվել է. Մակրոնը՝ իսլամիստներին Թուրքիայի տարածքով Ղարաբաղ տեղափոխելու մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապված ավելի քան 300 զինյալներ Թուրքիայի տարածքով տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:  Vz.ru –ի տեղեկացմամբ, այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվանից հետո նա ասել է, որ ավելի քան 300 «իսլամիստ գրոհայիններ, որոնք նախկինում դուրս էին բերվել Հալեպի շրջանից, տեղափոխվել են թուրքական Գազիանթեփով»: Նրա խոսքով՝ «սա հաստատված փաստ է»: Մակրոնը շեշտել է, որ զինյալները «բոլորը կապեր ունեն» ԻՊ-ի հետ:

«Ես դա քննարկել եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը հաստատել է, որ Ռուսաստանը ևս ունի այս տվյալները», – նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտարարել է Մակրոնը, Թուրքիայի պահվածքը «անարժան է ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար»: Նրա խոսքով՝ «կարմիր գիծն արդեն հատվել է»:

Մակրոնը հայտարարել է, որ «Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, շատ մոտ ապագայում հանդես են գալու մի շարք նախաձեռնություններով՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար»:

Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելը հայտնել է, որ «բոլորն էլ պետք է ավելի կառուցողական դեր խաղան՝ դեէսկալացիային նպաստելու համար»: ԵՄ-ը ցանկանում է, որ «արտաքին միջամտությունը դադարեցվի, դա բարդացնում է իրավիճակը»:

Գագաթնաժողովը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության  կողմերին՝ անհապաղ հրադադար հաստատել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայից ունի նաեւ տվյալներ Լեռնային Ղարաբաղում վարձկանների մասին:

Հինգշաբթի օրը Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նրանք վճռականորեն  պահանջեցին անհապաղ հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում: Թուրքիան հայտարարել է, որ «անընդունելի է» տարածաշրջանում հրադադարի ռեժիմի պահանջը: