Իրանի և Ռուսաստանի միջև բոլոր տարածաշրջանային հարցերում առկա է սերտ համակարգում (կոորդինացիա)

Մենք հասկանում ենք, որ 2018-2020 թվականների ընթացքում բազմիցս գրել ենք այն մասին, որ մեր Այսրկովկասում, և արդեն նաև ամբողջ աշխարհում, Իրանն ու Ռուսաստանը հանդես են գալիս որպես ռազմավարական դաշնակիցներ, նույնիսկ եթե այդպիսի դաշինքը կրում է զուտ ժամանակավոր, իրավիճակային բնույթ: Իրանն ու Ռուսաստանն ունեն ընդհանուր թշնամիներ. վերջ, սա բավարար հիմք է Թեհրանի և Մոսկվայի համար՝ միավորելու իրենց ջանքերը, մասնավորապես՝ ռազմական և հետախուզական ոլորտներում: Եվ 2020 թ. սեպտեմբերի վերջը ևս մեկ անգամ հաստատել է մեր բոլոր եզրակացությունները իրանա-ռուսական համագործակցության և փոխգործակցության վերաբերյալ:

Սեպտեմբերի 22-ին Դաշնային խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը՝ ի պատասխան Սպիտակ տան պաշտոնական հայտարարության այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի և «բոլոր նրանց դեմ, ովքեր ներգրավված են այդ երկրին զենքի մատակարարման մեջ», հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցային գործունեությունը չի խոչընդոտելու Ռուսաստանի և Իրանի հետագա համագործակցությանը. «Առևտրատնտեսական համագործակցության հարցերով ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը պետք է տեղի ունենա այս աշնանը, և այդ փոխգործակցությունը կշարունակվի, չնայած Ամերիկայի պատժամիջոցների` վերջին «նախընտրական» աճին, որն արդեն վերածվել է մի տեսակ ֆոնային «աղմուկի», ոչ ամենահաճելի, բայց բոլորին ծանոթ, որն ուղեկցում է բազմաթիվ միջազգային գործընթացների: Բոլորն այսպես, թե այնպես ընտելանում են դրան»: Իսկ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան, ինչպես հաղորդում է IRNA-ն, ՄԱԿ-ում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ելույթից հետո, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև առկա է սերտ համակարգում բոլոր տարածաշրջանային խնդիրները լուծելու համար. «Նման փոխգործակցությունը հիմք է նախապատրաստում երկու կողմերի կանոնավոր շփման համար»: Ի դեպ, նա այդ օրն իր 31-րդ պաշտոնական այցն է կատարել Ռուսաստան, և երրորդը՝ համաճարակի ընթացքում: Միայն այս թվերն արդեն ցույց են տալիս, թե որքանով են Իրանն և Ռուսաստանը համակարգում իրենց որոշումներն ու գործողությունները: Զարիֆը նշել է, որ տարածաշրջանային խնդիրներից Մոսկվայում նախ քննարկել է Սիրիան և Աֆղանստանը: Ինչպես տեսնում են Հայաստանի քաղաքացիները, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների օրակարգում Արցախի և հայ-բաքվեցիական հարաբերությունների վերաբերյալ հարցեր չեն եղել: Ինչու Սիրիան և Աֆղանստանը՝ պարզ է. հենց այս երկրներում է, որ Իրանն ու Ռուսաստանը գործնականում ուղղակիորեն դեմ են Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների գործողություններին…

Ահա այսպիսի ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) փոխհրամանատար կոնտր-ծովակալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարողանա Իրանի դեմ նոր կոալիցիա ստեղծել: Իսկ ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատար, փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ ամերիկյան «Nimitz» դասի ավիակիրը և նրա ուղեկցորդը Պարսից ծոցի մուտքի մոտ իրանական անօդաչու թռչող սարքերի դիտարկման տակ են. «Այս որոնման գործողության ընթացքում հայտնաբերվել է «Nimitz» ավիակիրը՝ ուղեկցող ռազմանավերի հետ միասին, այդ թվում՝ երկու 114 և 104 համարներով  էսկադրային ականակիր (էսմինեց), 58 և 59 համարներով ռազմանավեր, երկու 9 և 12 համարներով ոչ մեծ պարեկային գծանավ (լինկոր) և ԱՄՆ ահաբեկչական բանակի առափնյա պահպանության 1333 համարով մարտական ​​նավը՝ դեպի Հորմուզի նեղուցին և Պարսից ծոցին մտնելը»,- հայտնում էր Fars News գործակալությունը: Իսկ սեպտեմբերի 24-ին, արձագանքելով Իսրայելի հետ արաբական միապետությունների անջատողական (սեպարատիվ) պայմանավորվածություններին, ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին կրկին վերադարձել է այն թեմային, թե «Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է ահաբեկչությունը և տարածաշրջանում անկայունության աղբյուր է հանդիսանում»:  «Հստակ հաստատված է, որ Սաուդյան Արաբիան, որպես տարածաշրջանում անկայունության աղբյուր, Սադամի [Հուսեյնի] հիմնական հովանավորն էր Իրանի դեմ իր 8-ամյա ագրեսիայում, որի ընթացքում նա կատարել է բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ քիմիական զենք օգտագործելը Իրանի և իրաքցի խաղաղ բնակիչների դեմ: Սաուդյան վահաբականների գաղափարախոսությունը տարածաշրջանում ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումների, ինչպիսիք են ԴԱԻՇ-ը և Ալ-Քաիդան, ոգեշնչման հիմնական աղբյուրն է, և այս երկիրը նրանց ֆինանսապես աջակցում է նավթային դոլարներով»,- աշխարհին հիշեցրել է Թախտ Ռավանչին, հաղորդում է Mehr News-ը:

Կարող ենք նույնիսկ չկասկածել, որ իրանական «հարձակումը» տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի այնպիսի հավատարիմ շան վրա, ինչպիսին Սաուդյան Արաբիան է, նույնպես համաձայնեցված է Ռուսաստանի հետ: Ու դա Մաջիդ Թախտ Ռավանչիի հնչեցրած մեղադրանքները դարձնում է ավելի հետաքրքիր: Իհարկե, մենք ապացույցներ չունենք, բայց խնդրում ենք Հայաստանի քաղաքացիներին ուշադրություն դարձնել: Վերջերս ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը (Տ․Ս․Թիրումուրտի) հրապարակավ մեղադրել է Պակիստանին և Թուրքիային ահաբեկիչների հետ շփվելու մեջ, իսկ Պակիստանը անվանվել «ահաբեկչության համաշխարհային էպիկենտրոն»: Իսկ Իրանը նման մեղադրանքներ է հնչեցրել Սաուդյան Արաբիայի հասցեին: Տպավորությունն այնպիսին է, որ Եվրասիայի գերտերությունները ցանկանում են ստեղծել հակաահաբեկչական համաշխարհային բլոկ՝ (միգուցե Թուրքիայի պարագայում նրանք «դեռ առանձնապես չեն շտապում»…) ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի «կրտսեր գործընկերների» դեմ:

Սերգեյ Շաքարյանց