Լեռնային Ղարաբաղ. Ալիևի առաջին պարտությունը. Ստանիսլավ Տարասով

Ոուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի վերլուծությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել՝ քննարկելու սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների սկսվելուց հետո Լեռնային արաբաղում տիրող իրավիճակը: Այս մարմնի 15 անդամ պետությունների համատեղ հայտարարությունը պարզվեց, որ լակոնիկ է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հակամարտող կողմերին կոչ է արել «անհապաղ դադարեցնել կրակը և առանց նախապայմանների սկսել առարկայական բանակցություններ»: Նա նաև լիակատար աջակցություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների, որոնք գործում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությամբ:

Սա այն չէ, ինչի վրա հույս էր դնում Բաքուն՝ համարելով, որ կընդունվի բանաձև, որը նման է 90-ականների բանաձևին, որի նախաբանում միշտ կար թեզ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին: Միաժամանակ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի նիստ, որին մասնակցել են 57 պետությունների ներկայացուցիչներ, քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակները վերահաստատել են հակամարտող կողմերին ուղղված կոչը՝ «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները` հակամարտության կայուն կարգավորման ուղի գտնելու համար»: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին` նշելով, որ նա տեղեկատվություն է ստանում անմիջապես դեպքերի վայրից և ամենաբարձր մակարդակի օղակներից: Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել հակամարտության գոտի և վերսկսել մոնիտորինգը, հենց որ իրավիճակը թույլ տա:

Ինչպես տեսնում եք, Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի՝ ուժի վրա հիմնված լուծման սցենարն աջակցություն չի գտնում համաշխարհային հանրության կողմից: Բաքուն հայտնվում է միջազգային մեկուսացման մեջ, ինչը վկայում է նրա դիվանագիտության լիակատար ձախողման մասին, որը, ի վերջո, ի վիճակի չէ ապահովել համապատասխան քաղաքական, դիվանագիտական ​​և տեղեկատվական ծածկոց Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի համար: Կովկասի հայտնի լեհ փորձագետ Վոյցեխ Գուրեցկիի խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լուրջ սխալ թույլ տվեց իրավիճակը գնահատելիս՝ համարելով, որ կկարողանա տեղավորվել Ռուսաստանի վրա Արևմուտքի կողմից համաշխարհային ճնշման սխեմայի մեջ: Ըստ փորձագետի, Բաքուն չի գիտակցել, որ «Արևմուտքը վաղուց կորցրել է հետաքրքրությունը Կովկասի նկատմամբ և, ինչ-որ իմաստով, գործը հանձնել է Մոսկվային»: Այստեղից էլ Ալիևի փորձերը՝ ըստ Գուրեցկու, իր դաշնակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, և ոչ թե Վլադիմիր Պուտինին ներկայացնել որպես «Անդրկովկասում կայունության և անվտանգության միակ երաշխավորը»:

Համաձայն բրիտանական Chatham House հետազոտական ​​ինստիտուտի կովկասյան ծրագրի ղեկավար Լորանս Բրոերսի, Ալիևին նման գործողությունների է դրդել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացում դիվանագիտական ​​պարտության զգացումը, երբ ակնհայտ դարձավ, որ «Ադրբեջանը չունի այլ լծակներ իրադարձությունների ընթացքը փոխելու, բացի իրավիճակը ապակայունացնելուց՝ անցնելով նման սցենարի»: Ըստ Բրոերսի, մի իրավիճակում, երբ Միացյալ Նահանգները «մեկուսացան», Ալիևը ընտրություն կատարեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև և խաղադրույք կատարեց Թուրքիայի վրա`որպես «գլխավոր աշխարհաքաղաքական հովանավոր»: Դիվանագիտական ​​իմաստով Բաքուն պարտվում է և փորձում է կոծկել իր պարտությունը՝ հակամարտությունը հասցնելով Անկարայի ներգրավվածության մակարդակին, ինչը պետք է որոշակի արձագանք առաջացնի Մոսկվայի կողմից: Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի ներկայիս պատերազմը սկզբունքորեն նոր նրբերանգներ է ձեռք բերում, և խնդիրն արդեն այն է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ինչպես դա կօգտագործեն և արդյոք կօգտագործեն դա իրենց զինանոցում:

Ի վերջո, զինադադարի և խաղաղ կարգավորման վերաբերյալ նախկին պայմանավորվածությունները ու համաձայնագրերը չեղյալ են հայտարարվել: Գործելով որպես նոր պատերազմի նախաձեռնողներ՝ Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ճանաչման համար ավելի բարենպաստ իրավիճակ ստեղծեցին Հայաստանի համար, քան նախկինում: Այնուամենայնիվ, տարածաշրջանի զարգացման ապագա հեռանկարները ներկայումս պայմանավորված են ոչ այնքան դիվանագիտական ​​գործունեությունից, որքան պատերազմի դաշտում զինված դիմակայության արդյունքներից: Ըստ արևմտյան շատ ռազմական փորձագետների, Լեռնային Ղարաբաղում մարտերի առաջին օրերը ցույց են տալիս Ադրբեջանի սահմանափակ ռազմական կարողությունները. որոշակի հաջողություններ ցածր լեռների բարձունքներում և Լեռնային Ղարաբաղի բարձունքների վերահսկողությունը վերականգնելու խնդիրներ, որոնք գտնվում են հայկական ռազմական ուժերի ձեռքում: Ադրբեջանը երբեք չի կարողացել ներխուժել լեռներ: Իրադարձությունների հետագա ընթացքը կախված է բազմաթիվ արտաքին գործոններից:

Թուրքական «Evrensel» թերթը կարծում է, որ «ամեն ինչ դեռ նոր է սկսվում», քանի որ Անկարան մտադիր է կովկասյան ճակատ ստեղծել Ռուսաստանի հարավային ծայրամասերում, պայթեցնել ղարաբաղյան հակամարտության մեջ տեղադրված աշխարհաքաղաքական ականները և ներառել Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Միջերկրական ծովի առճակատման առանցքում: Ադրբեջանը Թուրքիայի համար «անցումային ֆիգուր» է միանգամից մի քանի տախտակների վրա ընթացող այս գրոսմայստերային խաղում: Բացի այդ, «Evrensel»-ը պնդում է, որ «քրիստոնեական Լեռնային Ղարաբաղում պատերազմը նաև Անկարայի իշխանության ցուցադրումն է՝ ուղղված քրիստոնեական Հունաստանին և ամբողջ Եվրոպային, որի հետ Թուրքիան առճակատվում  է ոչ միայն գազի հանքավայրերի պատճառով»: Բայց սրանք Էրդողանի խաղերն են, և ինչի՞ վրա է հույսը դնում Ալիևը ՝ գիտակցելով, որ Մոսկվան այսպես թե այնպես, և վաղ թե ուշ ստիպված կլինի ակտիվորեն միջամտել իրադարձությունների ընթացքին՝ տարածաշրջանում հակամարտության հետագա սրման դեպքում:

Թարգմանեց  Ծովինար Մանուկյանը