Առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր․ նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է․ ՊՆ խոսնակ

Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է․ հակառակորդի կրակակետերը ճնշվում են»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ (3-ը Սու–25), 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։