ՌԴ անվտանգության խորհուրդը Արցախի շփման գոտում սիրիացի և լիբիացի զինյալների ներկայությունը վտանգավոր է համարում

ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամները Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ընթացքում ընդգծել են, որ Արցախի Հանրապետությունում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել ՝ կապված տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալներ տեղափոխելու հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

Նա նշել է, որ խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի վրա: ՌԴ անվտանգության խորհրդի անդամները ևս մեկ անգամ անհանգստություն են հայտնել շարունակվող մարտական գործողությունների կապակցությամբ:

Բացի դրանից, Պեսկովը նշել է, որ քննարկվել են նաև Ռուսաստանի և հարևան երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: