Հենց այդ ժամանակ ռուսական արջի թաթը կիջնի Թուրքիայի գլխին, բայց Ադրբեջանի պարագայում դա կարող է և ավելի վաղ լինել

Ադրբեջանի ղեկավարությունն Արցախի և Հայաստանի դեմ օդային հարվածների հրամանատարությունը, հարձակողական գործողությունների օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիային ռազմաօդային ուժերին:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հավաստմամբ, հաստատվել է, որ Ադրբեջանի Քյուրդամիրի ավիաբազայում տեղակայված թուրքական F-16 կործանիչների, ադրբեջանական Սու-25-երի, թուրքական «Բայրաքտար ՏԲ-2» ԱԹՍ-ների և այլ միջոցների գործողություններն իրականացվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող E-7T օդային կառավարման կենտրոնից (հատուկ սարքավորված ինքնաթիռ), որը մարտական հերթապահություն է իրականացնում Թուրքիայի տարածքում, Էրզրում-Կարս հատվածում: Մասնավորապես, սեպտեմբերի 30-ին ժամը 10-ի սահմաններում կոմբինացված հարվածներ են հասցվել Արցախի զինված ուժերի, Հադրութի և Մարտունիի խաղաղ բնակչության ուղղությամբ:

Նշված գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում տուժածներ կան, վնասվել են ենթակառուցվածքներ, հարվածներն ուղղված են եղել նաև զինված ուժերի դեմ: Սեպտեմբերի 30-ի ճեպազրույցի ընթացքում Հովհաննիսյանը հնարավոր է համարել, որ հենց E-7T օդային կառավարման կենտրոնում է գտնվում թուրքական հրամանատարությունը: ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ հայկական կողմն ապացույցներ ունի, որոնք ժամանակին կներկայացվեն:

Մեր ընթերցողները, թերևս չնչին բացառությամբ, անշուշտ, պատկերացում չունեն, թե իրենից ինչ է ներկայացնում E-7T («Boeing E-7T Peace Eagle /737-7ES/») հետախուզական ինքնաթիռը (ներքևի լուսանկարներից առաջինը): Այս «խաղաղության արծիվը», որից Թուրքիան 4 հատ ունի, նրա ռազմաօդային ուժերին հնարավորություն է տալիս ՀՀ օդային սահմանը չհատելով հանդերձ, բավական մեծ հեռավորությունից վերահսկել Հայաստանի և Արցախի ողջ օդային տարածքը: Նույն ինքնաթիռի օգնությամբ Թուրքիայի ռազմաօդային ուժերն այս տարվա ապրիլին վերահսկել են Լիբիայի օդային և ջրային տարածքները:

Ամերիկյան «Boeing» ընկերության կողմից ստեղծված E-7T-ը ռադարային կարողություններով հատուկ ինքնաթիռ է, և իր ռադարով ու ռադիոէլեկտրոնային բազմաթիվ սարքավորումներով հնարավորություն ունի հեռվից հայտնաբերել ու հետևել հարյուրավոր ռազմական և քաղաքացիական օբյեկտների օդային և ջրային տարածքներում:

E-7T-ն օգտագործվում է ոչ միայն տարածքը մեծ հեռավորության վրա հետախուզելու և վերահսկելու, այլև ռադիոէլեկտրոնային աղմուկ և եթերային խանգարումներ ստեղծելու համար, որոնցով կարող է խախտել հակառակորդի անօդաչու թռչող սարքերի գործունակությունը: Հիշյալ ինքնաթիռից, բացի վերը նշվածից, հնարավոր է օդից կառավարել յուրային ԱԹՍ-ները: Բնորոշման մեջ E-7T-ն ներկայացվում է որպես օդային կառավարման, հեռավոր հայտնաբերման ու վաղ նախազգուշացման ինքնաթիռ, սակայն ավելի մեծ հնարավորություններ ունի:

Հայտնի է նաև, որ այս տարվա սեպտեմբերի սկզբին, Հունաստանի հետ Թուրքիայի լարված հարաբերությունների պայմաններում, Թուրքիայի ՌՕՈւ «Boeing E-7T»-ը 13- Հռոդոսից հյուսիս թռչելով, երեք օրվա ընթացքում երրորդ անգամ հսկիչ առաքելություն է իրականացրել:

Նշելով, որ Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում երեկ գրել է.

«Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:

Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ,  Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից:

Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը»:

Ժամեր անց Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց սեպտեմբերի 30-ին ավելի վաղ ներկայացված օդային իրադրության հետևյալ դրվագը:

Հավելենք, որ դեռ ս. թ. հուլիսից Թուրքիայի ռազմաօդային ուժերի խմբավորումը, մասնավորապես` F-16 բազմանպատակային կործանիչները, տեղակայվել են Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում ու թռիչքներ են իրականացնում ինչպես նշված, այնպես էլ Քյուրդամիրի օդանավակայանից: Բացի այդ, Թուրքիան հուլիսին Ադրբեջանի հետ համատեղ թռիչքա- մարտավարական զորավարժություններին մասնակցության համար ամերիկյան արտադրության իր երկու ATAK/AH-1W («Супер Кобра») հարվածային ուղղաթիռներ և «Sikorsky UH-70» բազմանպատակային ուղղաթիռներ է տեղակայել Նախիջևանում:

«Ֆեյսբուք»-ի օգտատերերից Alen Ghulyan-ը դեռ սեպտեմբերի 12-ին իր ֆեյսբուքյան էջում գրեց.

«Ցանցում տեղեկություններ են հայտնվել որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերին պատկանող Ա-50 (գրանցման համար RF-93952) հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման եւ կառավարման եւ Իլ-76ՄԴ (գրանցման համար RF-76702) ռազմատրանսպորտային ինքնաթիռներին թույլ չի տվել անցնել իր օդային տարածքով ինչից հետո այդ ռազմական բորտերը Թուրքմենիստանի թույլտվությամբ Կասպից ծովի թուրքմենական հատվածով են մտել Ռուսաստանի օդային տարածք։

Նշվում է որ ՌԴ զինված ուժերը Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի խմբավորման ռադիոտեղորոշիչ հայտնաբերման եւ կառավարման ինքնաթիռների հերթական ռոտացիան էին իրականացնում։

Նշված փաստի կապակցությամբ Ադրբեջանի եւ ՌԴ պաշտպանական գերատեսչությունների կողմից դեռեւս որեէ մեկնաբանություն չի արվել»։

Հիմա արդեն պարզ է, թե Ադրբեջանն ինչու թույլ չի տվել ՌԴ Ա-50 ինքնաթիռին (ներքևի լուսանկարներից 2-րդը), որը Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Boeing E-7T Peace Eagle /737-7ES/»-ի նման ինքնաթիռ է, անցնել իր օդային տարածքով, չէ՞ որ այդ դեպքում հստակ կարձանագրվեին ու կփաստագրվեին Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերի բոլոր ինքնաթիռները և ուղղաթիռները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ներկայիս պատերազմի նախապատրաստությունը:

Բազմաթիվ տեղեկություններ հուշում են, որ Ադրբեջանը վերջին շրջանում նույնպես զենք, ռազմամթերք և ռազմական տեխնիկա է ստացել Թուրքիայից և Իսրայելից: Flightradar24 կայքի տվյալներով, Թուրքիայի ՌՕՈւ-ին պատկանող «Hercules C 130B»  ռազմատրանսպորտային ինքնաթիռը (բորտ 963, հաշվառման համար 61-0963) սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 4 օր առաջ վայրէջք է կատարել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում։  Այս կապակցությամբ Alen Ghulyan-նն իր ֆեյսբուքյան էջում նույն օրը գրել է.

«Ռազմական օդանավը Թուրքիայի Մարզվան քաղաքում տեղակայված Merzifon օդանավակայանից է բարձրացել։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ այնտեղ է տեղակայված Թուրքիայի ռազմաօդային ուժերի 2-րդ տակտիկական ավիացիոն հրամանատարության 3-րդ ավիաբազան։

Այս պահին նույն բորտը հետ է վերադառնում և գտնվում է Թուրքիայի օդային տարածքում»։

Հաջորդ օրը, ինչպես տեղեկացրել է Alen Ghulyan-ը, Flightradar24 կայքի տվյալներով, Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող «Airbus A400M-180» ռազմատրանսպորտային ինքնաթիռն է (բորտ 080, հաշվառման համար` 17-0080) վայրէջք կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։

«Երեկ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից դեպի Ադրբեջան  առնվազն 6 թռիչք է իրականացվել, որից 4 թռիչք իրականացվել է թուրքական Airbus A400M-180, 2-ը` ադրբեջանական IL-76TD տրանսպորտային ինքնաթիռներով,- սեպտեմբերի 25-ին, պատերազմից 2 օր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Alen Ghulyan-ը:- Ադրբեջանական ռազմատրանսպորտային օդանավը նույն օրը 2 թռիչք է իրականացրել Ադրբեջան` ընթացքում Թուրքիայից թռիչք  իրականացնելով նաև  Իսրայել։ Բացի այդ նույն օրը Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան չվերթ է իրականացրել նաև ադրբեջանական Silk Way ընկերության IL-76TD-90VD  (հաշվառման համար 4K-AZ101) տրանսպորտային ինքնաթիռը։ Նշեմ, որ այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան։

Թուրքիայի ՌՕՈՒ թռիչքներ.

—  Բորտ 055, հաշվառման համար 16-0055, «Airbus A400M-180″։

Ժամը 11:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի  օդանավակայանում։ Ժամը 16:50-ին վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարության հիմնական բազան։

— Բորտ 093, հաշվառման համար 18-0093, «Airbus A400M-180″։

Ժամը 16:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված օվիաբազայից է բարձրացել։ Նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա։

— Բորտ 078, հաշվառման համար 17-0078, «Airbus A400M-180″։

Ժամը 15:30-ի սահմաններում վայրէջք է կատարել Եվլախի օդանավակայանում։ Ժամը 19:00-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։

— Բորտ 080, հաշվառման համար 17-0080, «Airbus A400M-180″։

Ժամը 16:05-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 19:55-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։

Ադրբեջանի ՌՕՈՒ թռիչքներ.

— հաշվառման համար 4K-78131, «IL-76TD»։

Ժամը 00:00-ի սահմաններում վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված ավիաբազայից է ուղևորվել։ Առավոտյան ժամը  07:30-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Իսրայել և ժամը 09:20 սահմաններում այնտեղ վայրէջք է կատարել։ Ժամը 13:45-ին վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Ադրբեջան»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերջերս հրավիրված մամուլի ասուլիսում իզուր չէր ասում, որ մեր դեմ Ադրբեջանից բացի, պատերազմում է նաև Թուրքիան: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք մեր հրապարակումներից մեկով, Թուրքիան սպառնացել է ընթացող պատերազմին իր արդեն անմիջական մասնակցությամբ: Նիկոլ Փաշինյանն օրերս ասաց, որ Թուրքիան դրա համար առիթ, պատրվակ է փնտրում:

Դատելով վերը շարադրված տեղեկություններից, Թուրքիան թեև սոսկ մասնակիորեն, բայց արդեն անմիջականորեն մասնակցում է այդ պատերազմին, և այս դեպքում խոսքը զուտ բանակային այլ ստորաբաժանումների ներգրավման և Թուրքիայի ԶՈւ լայնամասշտաբ մասնակցության մասին է: Հենց այդ ժամանակ ռուսական արջի թաթը կիջնի Թուրքիայի գլխին, եթե մեր և Ռուսաստանի դարավոր թշնամին համարձակվի գնալ այդ քայլին: Ադրբեջանի պարագայում դա կարող է և ավելի վաղ լինել…

Չնայած ներկայիս պատերազմին Թուրքիայի ՌՕՈւ-ի, մասնավորապես հարվածային և հետախուզական ավիացիայի, գերժամանակակից ԱԹՍ-ների մասնակցությանը, Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է տալ մեծամեծ կորուստներ և լուրջ հաջողություններ չի կարողանում արձանագրել:

Արթուր Հովհաննիսյան