Միասնականության և համախմբվածության կոչ երկու հայկական պետությունների իշխանություններին․ Վ․ Բալասանյան

Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատարանը բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը՝ երկու ամսով

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ռազմաօդային միջոցների կիրառմամբ հարձակում սկսեցին արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով և արդեն 5 օր է մեր քաջարի զինվորները կյանք ու մահու պայքար են մղում թուրք-ադրբեջանական միացյալ ուժերի դեմ` թշնամուն պատճառելով անթիվ ու անհամար կորուստներ։

Այս օրերին երկու հայկական պետությունների ներքաղաքական կյանքում տիրում է անասելի համախմբվածություն՝ մի կողմ են դրվել քաղաքական տարբեր դիրքորոշումները և դարձել մեկ բռունցք։ Սակայն, կա մեկ բաց, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանքի մեջ է, ուստի կարևոր եմ համարում, որպեսզի հայաստանյան իշխանություններն այս դժվարին և պատերազմական օրերին Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխեն։ Մարդ, ով մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր նվիրվածությունն ու պատրաստակամությունը օրհասական պահերին սատար կանգնելու իր ժողովրդին։

Հիշենք, Ապրիլյան պատերազմի ժամանակ Գագիկ Ծառուկյանը կանգնեց արցախահայության և զոհերի ընտանիքների կողքին, իսկ նրա որդին՝ Նվեր Ծառուկյանը, այս օրերին 5 բեռնատար մեքենա է տրամադրել ՊՆ-ին։

Այսօր մենք պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դեմ և ժամանակն է միասնական լինել առավել քան երբևէ, ուստի խնդրում եմ  իշխանություններին փոխել Գագիկ Ծառուկյանին խափանման միջոց կալանքը։

Ազատամարտիկ, Վ․ Բալասանյան