Ֆրանսիական Le Monde-ի լրագրողներն Արցախում Ադրբեջանի հրետակոծության տակ են ընկել, երկուսը վիրավորվել են

Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները Ադրբեջանի կողմից հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր, նախնական տվյալներով երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի»,- գրել է Մովսիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: 

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ 

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 10 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 2 ,Սմերչե, 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ: