«Այլևս ոչ մեկի մոտ կասկած չկա, որ Ադրբեջանը և Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին». Արծրուն Հովհաննիսյան

Մեր զինված ուժերը, լիովին մարտունակ լինելով, հակառակորդին զրկելով հարձակումների թափից, միշտ չէ, որ վարում են միայն պաշտպանական մարտեր, և տարօրինակ կլիներ, որ վարեին միայն պաշտպանական մարտեր: Այս մասին հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Վարդենիսում իրավիճակին, ապա Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Վարդենիսում թռչող սարքերի, ԱԹՍ-ների և այլ գործողություններ կան, բայց ակտիվ մարտական գործողություններ Հայաստանի Հանրապետության կոնկրետ այդ հատվածում չկա»:

Անդրադառնալով միջազգային հարթակներում Հայաստանի աշխատանքին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այն աշխատանքը, որն արձանագրվել է միջազգային մակարդակում և ոչ միայն մեդիայի մակարդակով, քանի որ եղել են համապատասխան արձագանքներ առաջատար պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից, դա, բնականաբար, մեր դիվանագիտական, տեղեկատվական գործողությունների փայլուն աշխատանքի արդյունք է:

«Այլևս ոչ մեկի մոտ կասկած չկա, որ Ադրբեջանը և Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին, այդ ապացույցները ներկայացված են, և բուն կիրառողները փորձում են թաքցնել»,-ասաց նա և նշեց, որ այս պահին չի կարող ասել՝ քանի հազար մարդ է օգտագործվել, բայց ժամանակի խնդիր է, և բարդ չէ ճշտելը: