Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները պաշտոնապես հայտարարել են՝ շարունակելու է աջակցել Ադրբեջանին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել «տարածքային ամբողջականությունն ու ժողովրդին պաշտպանող» Ադրբեջանին։

Նա դարձյալ պնդել է,  թե «Երևանն է տարածաշրջանի խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտը»։

Արցախի հակամարտության կարգավորմանն անդրադարձել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա միջազգային հանրության՝ մասնավորապես Ֆրանսիայի և Ռուսաստանի կոչերը միակողմանի է որակել՝ պնդելով, թե իրենք շարունակելու են աջակցել Ադրբեջանին նաև դիվանագիտական հարթակներում։

«Դաշտում, թե բանակցային սեղանին, մենք Ադրբեջանի հետ ենք»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 2 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։