Թուրքիայի F-16-երը բերվել էին, քանի որ Ադրբեջանի կործանիչները չէին կարող խնդիրը լուծել. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմը շատ լավ գիտի, թե Ադրբեջանի ռազմաօդային ուժերում ինչ կործանիչներ կան, նաև, որ այդ կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել՝ ինչպես հարկն է, դրա համար Թուրքիայի F-16-երն են այնտեղ: Փաստը հերքողներին անակնկալներ են սպասվում՝ ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրքական կործանիչների ներգրավմանը:

Հովհաննիսյանը նախ նշեց, որ դեռ օգոստոսի 13-14-ին, երբ Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժություններն ավարտվել էին, F-16 կործանիչները չհանվեցին Ադրբեջանից՝ մնալով ադրբեջանական օդանավակայաններում: Այս մասով հարցը ՊՆ-ը բարձրացրել է համապատասխան մարմիններին:

Անդրադառնալով Ադրբեջանի ծիծաղելի հայտարարությանը, թե իբր իրենց ռազմաօդային ուժերի կազմում չկա F-16՝ Հովհաննիսյանն ասաց. «Մենք շատ լավ գիտենք, թե իրենց ռազմաօդային ուժերում ինչ կործանիչներ կան: Եվ լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել՝ ինչպես հարկն է, դրա համար F-16-երն այնտեղ են: Լավ գիտենք, որ F-16-երի հետ վաղուց իրենք աշխատում էին զորավարժություններով: ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների՝ այդ թվում ռադիոտեխնիկական հետախուզական միջոցների»,-ասաց նա:

ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց, որ բոլոր նրանց, ովքեր փորձում են լուրջ չվերաբերվել հայկական կողմի պաշտոնական տեղեկություններին, համապատասխան անակնկալներ սպասվում են՝ ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով:

Նա շեշտեց, որ F-16-երը տարվել էին Ադրբեջան և աշխատում էին: Օրեր առաջ կատարվում էին հետախուզական թռիչքներ, մարտավարական լուծումներ: «Բերվել էին, որովհետև ադրբեջանական օդուժը չէր կարող այդ խնդիրը լուծել, այդ մակարդակը, այդ փորձը չունի, երկրորդը՝ Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր, օրինակ Բայրաքթար և այլ տեսակի ԱԹՍ-ները, որոնք համադրելի չեն ՄԻԳ-29-ի կամ ՍՈՒ-25-ի հետ: Այսինքն՝ օպերատիվ իրավիճակի կառավարման տեսանկյունից չէին կարող օգտագործել: Եվ հետևաբար պետք էր F-16-ը, որ կարողանար այս համադրումն իրականացնել: Մենք շատ լավ հասկանում ենք, փորձ ունենք, որ F-16-ը օդում է, աշխատում է, Բայրաքթարին է օգնում, զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի և կառավարման թուրքական ինքնաթիռ է թռչում: Բորտերով, համարներով շատ լավ գիտենք այդ ամենը, գիտենք, թե ինչպես են փոխհամագործակցված աշխատում իրար հետ: Մենք շատ լավ գիտենք, որ F-16-ը միայն կարող էր, այդ ժամանակ գտնվելով թեկուզ 60 կմ հեռավորության վրա, համապատասխան բարձրությունից տեսնել ՍՈՒ-25-ին, որովհետև օդաչուներն այդքան փորձ ունեին, գիտեին՝ մարտավարապես ինչպես գային: Ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող իրենց այդ պահին այդ տեղում հայտնաբերել, իսկ F-16-ը կարող էր: Եվ շատ լավ գիտենք, որ իր սպառազինության մեջ եղած AIM-120, AMRAAM հրթիռները ի վիճակի են խոցել մինչև 90-100 կմ հեռավորության թիրախ, միայն իրենք են (F-16-երը-խմբ.) ի վիճակի խոցել, ՄԻԳ-29-ի վրա տեղակայված հրթիռներն ի վիճակի չէին այդ տեղանքում այդ պայմաններում այդ հեռավորության վրա խոցել ՍՈՒ-25-ին»,-ասաց Հովհաննիսյանը:

Հայկական կողմը պատրաստ է միջազգային փորձագետներին տրամադրել ապացույցները:  Նա չհրապարակեց թիվ, թե քանի հատ F-16 կա Ադրբեջանում, սակայն նշեց, որ դրանք զույգերով կատարում են համապատասխան խնդիրներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ: