Մակրոնը վտանգավոր է համարում Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները. նա ԼՂ իրավիճակը կքննարկի ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հետ

Թուրքիայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ցանկացած կերպ աջակցելու պատրաստակամության մասին վտանգավոր են, քանի որ դրանք Բաքվին մղում են գործողությունների: Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ես ուշադրություն դարձրի Թուրքիայի քաղաքական հայտարարությունների վրա: Դրանք անմիտ են և վտանգավոր», – ասել է նա Լատվիայում կայացած մամուլի ասուլիսում:

«Ես մտահոգված եմ վերջին ժամերին Թուրքիայի կողմից արված ռազմաշունչ հայտարարություններով: Փաստորեն, նման հայտարարությունները Ադրբեջանին մղում են գործողությունների»,- ավելացրել է Մակրոնը:

Ֆրանսիայի առաջնորդը նաև ասել է, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ֆրանսիայի ղեկավարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, գլխավորում են Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Նրա խոսքով, այդ երկրները շփման մեջ են եղել լարվածության սրման «առաջին իսկ ժամերից»:

Մակրոնը հավելեց, որ շուտով եվրոպացի գործընկերների հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: