Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունը խարխլեց կովկասյան տարածաշրջանի փխրուն հավասարակշռությունը․ Financial Times

Ամեն անգամ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածքների պատճառով մարտական գործողություններ էին բռնկվում, Մոսկվայի պահանջով երկու հետխորհրդային պետությունները նստում էին բանակցությունների սեղանի շուրջ, սակայն այս անգամ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունները դադարեցնելու Ռուսաստանի կոչերը դեռևս անուշադրության են մատնվում, մասամբ՝ շնորհիվ Թուրքիայի, որը կովկասյան լեռնային տարածաշրջանում  խարխլեց  փխրուն հավասարակշռությունը, գրում է բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը։

Պարբերականը «Թուրքիայի աջակցությունը բարդացնում է ղարաբաղյան հակամարտության վերջին բռնկումը» վերտառությամբ հոդվածում ընդգծում է, որ Անկարայի կողմից իր հարևան Ադրբեջանին աջակցությունը և Հայաստանին ուղղված սպառնալից և ռազմատենչ հռետորաբանությունը հրահրեցին ԼՂ հակամարտության մեջ վերջին տարիների ամենադաժան բռնկումը և զգալի խնդիր ստեղծեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար՝ մարտահրավեր նետելով Մոսկվայի տարածաշրջանային գերիշխանությանը։

Ինչպես նշում է պարբերականը, վերլուծաբանների կարծիքով՝ ԼՂ հակամարտությունում Թուրքիայի կողմից Ադրբեջանին լիակատար աջակցությունը Բաքվին համարձակություն տվեց և թուլացրեց Մոսկվայի ազդեցությունը ադրբեջանական ղեկավարության վրա, ինչը «ի թիվս այլ հակասությունների՝ ևս մեկ հակասություն էր Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում»։

«Ադրբեջանի միջոցով Թուրքիայի աճող ներկայությունը Հարավային Կովկասում փաստ է, որը դուր չի գալիս Ռուսաստանին։ Ռուսական և թուրքական շահերն այստեղ ավելի շատ են բախվում, քան որևէ տեղ։ Պուտինը և Էրդողանը երբեք իսկական դաշնակիցներ չեն եղել և երբեք չեն լինի»,-ասել է Քարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի վերլուծական կենտրոնի ղեկավար Դմիտրի Թրենինը, որի խոսքերը մեջբերում է պարբերականը։

Ինչպես նշում է աղբյուրը, ԼՂ-ում տեղի ունեցող բախումներին Էրդողանի ռազմատենչ պատասխանը, որի ընթացքում նա հարձակվել է հայկական ղեկավարության վրա և Ադրբեջանին առաջարկել լիակատար աջակցություն, նշանավորում է տարածաշրջանում ռազմական գործողությունների նախորդ փուլերի հետ տարբերությունը։

«Դա թուրքական քաղաքականության մեջ բավականին մեծ տեղաշարժի ազդանշան է: Թուրքիան միշտ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, բայց նաև հայտարարել է, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Գոյություն ունի աշխարհաքաղաքական հավասարակշռություն, որտեղ կողմերից ոչ մեկը չի աջակցում մյուս կողմին։ Իսկ հիմա հանկարծ տարածաշրջանային գլխավոր դերակատարներից մեկը սատարում է Ադրբեջանին»,- պարբերականը մեջբերել է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող, կովկասագետ Թոմաս դե Վաալի խոսքերը։