Օրենսդրական նախագծով Կառավարությանը հնարավորություն տրվեց հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինվորների հիշատակը։ Այնուհետև քննարկեցին Կառավարության կողմից ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը։

Ներկայացնելով օրենքի նախագիծը, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկում են պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շրջանում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլան հաստատելու իրավասությունը։

«Ներկայումս գործում է ՀՀ նախագահի հրամանագրով հաստատաված համապատասխան պլանը։ Օրենքի հաստատումը հնարավորություն կընձեռի Կառավարության որոշմամբ հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչը նաև առավել արդիական է, ներկայումս Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում։ Դրանից բխող միջոցառումների շարքում էական դեր ունի հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը։ Այս հանգամանքից ելնելով Կառավարությունը նախագծի ընդունումը համարում է անհետաձգելի»,-նշեց Գաբրիել Բալայանը։

Նա նաև տեղեկացրեց, որ նախագիծն արդեն համաձայնեցվել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որի ընդունումից անմիջապես հետո կներկայացվի Կառավարության հաստատմանը։

Անդրադառնալով նախագծին, հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նախագծի ընդունումն այսօր քան երբևէ անհրաժեշտություն է։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ նշեց, որ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելը պայմանավորված է օրենսդրական բացով։

«Մասնավորապես՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները հանգեցրել են ՀՀ նախագահի և Կառավարության լիազորությունների փոփոխության, որի արդյունքում ռազմավարական մեկ հարց՝  հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի հաստատումը օրենսդրական կարգավորումից դուրս է մնացել»,- նշեց պատգամավորը։

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն։