ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար անմիջական վտանգի դեպքում մեր կողմից գործի կդրվեն ռազմաքաղաքական մեխանիզմներ․ ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը։ Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

Վիկտոր Բիյագովը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետանու և օդուժի կիրառմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը և դրան հետևած սադրիչ գործողությունները:

ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Բիյագովը գործընկերների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի նախապես ծրագրված լինելու հանգամանքի և փաստերի վրա՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության առնչությամբ, ինչը ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի բացարձակ ոտնահարում:

«Հրաժարվելով խաղաղ բանակցություններից՝ ադրբեջանական ղեկավարությունը ընտրել է ղարաբաղյան խնդրի լուծման իր ճանապարհը՝ հրահրելով լայնամասշտաբ պատերազմ, որի արդյունքում արդեն կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ռազմաքաղաքական աջակցությունը, որը նպաստում է նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի հետագա ապակայունացմանը, լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդների համար։ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծառայում են թուրք մասնագետներ, օգտագործվում է թուրքական արտադրության զինտեխնիկա՝ այդ թվում ԱԹՍ-եր և ռազմական ինքնաթիռներ։ Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ։ Մենք վճռական ենք ամբողջ ուժով դիմադրել և չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները»,- նշեց ՀՀ ներկայացուցիչը։

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն անդրադարձել է  նաև այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ապատեղեկատվության տարածմանը, որը նպատակ ուներ հող նախապատրաստելու հակամարտության մասշտաբների ընդլայնման և Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար։ «Հակամարտության աշխարհագրության ընդլայնումը կարող է անմիջական վտանգ ստեղծվել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, և այդ դեպքում մեր կողմից գործի կդրվեն համապատասխան ռազմաքաղաքական մեխանիզմներ՝ ուղղված արտաքին ագրեսիայի հավաքական հակազդմանը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում և ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն:

Այժմ Ադրբեջանը հրետակոծում է ՀՀ Վարդենիսի շրջանի գյուղերը։ Զոհվել է մեկ քաղաքացիական անձ։