Թուրքիան պետք է դադարեցնի այս հարձակմանն օժանդակությունը. կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ շտապ միջամտել. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ծանր ռազմական մարտերը դեռ շարունակվում են Լեռնային Ղարաբաղում, երկու կողմերից շատ զոհեր կան: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան խաղաղ բնակչությանը թիրախավորած ադրբեջանական հարձակումը խիստ դատապարտելի է: Մարդկության դեմ այս բռնության և հանցագործության անհապաղ դադարեցումը հրատապ և կենսական նշանակություն ունի: Թուրքիան պետք է դադարեցնի այս հարձակմանն օժանդակությունը՝ ներառյալ հայերի վրա հարձակվելու համար օտարերկրյա ահաբեկչական զինյալների հավաքագրումը: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, դաշնակիցներին շտապ միջամտել հերթական ցեղասպանությունից խուսափելու համար»: