Վարդենիսի մարտական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումից ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն. Արծրուն Հովհաննիսյան

Վարդենիսի մարտական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումից ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն. մարտերը շարունակվում են: Մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 29-ին Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարվածներ են հասցրել: Հակառակորդը Վարդենիսում ԱԹՍ-ով հարվածներ է հասցրել քաղաքացիական ավտոբուսի վրա, այն այրվել է: «Վարդենիսի մարտական դիրքերի ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, սեպտեմբերի 28-ին ևս մեկ երեխա է զոհվել: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: