«Հայաստանը դիտարկում է անհրաժեշտության դեպքում ԼՂ բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքների ստեղծման հնարավորությունը»․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

tass.ru-ի փոխանցմամբ՝ Հայաստանը դիտարկում է անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու հնարավորությունը այն դեպքում, եթե տարածաշրջանում իրավիճակը շարունակվի սրվել։ Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։

«Նման հարցեր մշակվում են։ Մենք հույս ունենք, որ բանը դրան, իհարկե, չի հասնի», -ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

ՌԴ-ում ՀՀ դեսպանն անհրաժեշտ է համարել մարդասիրական միջանցքների ստեղծման ծրագրերի մշակումը։

«Այդ թվում ելնելով նաև այն հանգամանքից, որ այս օրերին երեխաներն ու կանայք գտնվում էին նկուղներում և ապաստարաններում», – պարզաբանել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։