ԱԺ-ն ընդունեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ հայտարարության նախագիծ

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը հեղինակել են ԱԺ երեք խմբակցությունները։ Հայտարարությունը շրջանառված է ԱԺ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ստորագրություններով։

«ՀՀ Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիան։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս ձեռնարկած ագրեսիան, այդ թվում՝ խոշոր տրամաչափով զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, մշտապես ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը։  Սա մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանն իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը։ ՀՀ զինված ուժերի բոլոր ինքնապաշտպանական գործողություններն ուղղված են այդ վտանգի չեզոքացմանը»,- ելույթի ժամանակ նշել է Արարատ Միրզոյանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԺ-ը վերահաստատում է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, միևնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը և ինքնորոշման կամարտահայտությունը: