Սիրիացի զինյալները խառնաշփոթ են առաջացրել. ազերական ԶԼՄ-ների ահազանգը

Ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում տեղակայված սիրիացի զինյալները իսկական պատուհաս են դարձել տեղի բնակիչների համար, նրանց միջև բախումներ են սկսվել: Այս մասին հաղորդել է ադրբեջանական Free Azerbaijan կայքը:

Կայքը հիշեցրել է, որ սիրիացի զինյալները ժամանել են Ադրբեջան՝ ադրբեջանական բանակին աջակցելու համար և տեղակայվել են սահմանամերձ գյուղերում:

«Սիրիացի զինյալները խառնաշփոթ են առաջացրել: Տեղեկատվության համաձայն՝ տեղի բնակիչների ու սիրիացի գրոհայինների միջև արդեն երկու օր է՝ բախումներ են տեղի ունենում: Մերձավոր Արևելքից եկած զինյալները վատ են վերաբերվում գյուղացիներին, մասնավորապես, նրանք վիրավորում են, սպառնում, կանանց թույլ չեն տալիս տանից դուրս գալ՝ առանց հիջաբի: Բացի դրանից, «հյուրերը» հարձակվում, թալանում են տեղի խանութները, թույլ չեն տալիս ալկոհոլ վաճառել և օգտագործել: Այլ խոսքով ասած՝ զինյալները շարիաթի օրենքն են կիրառում»,-հայտնել է լրատվամիջոցը:

Ավելի լուրջ ու լայնամասշտաբ բախումներից խուսափելու համար գործին միջամտել է ռազմական ոստիկանությունը, որը բռնի ուժով ինչ-որ կերպ կարողացել է իրավիճակը ժամանակավորապես շտկել: Տեղի գյուղաբնակները ընդգծել են, որ տագնապալին այն է, որ նրանք ստիպված են դիմակայել սիրիացի զինյալներին, որոնք կռվում են հենց ադրբեջանցիների կողմից:

Ըստ հետախուզության տվյալների՝ Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Գրոհայինների շարքում կան զոհեր: