ՌԴ-ում ՀՀ դեսպանը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ միջամտել ԼՂ շուրջ տիրող իրավիճակին

Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արագ միջամտությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և Լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

«Հրատապ գումարման (հանդիպման) հարցը Մինսկի խմբի իրավասությունն է … Բայց իրավիճակը պարզ է, և դա պահանջում է համանախագահների արագ միջամտություն, և պահանջում է նաև, որ Թուրքիան դադարեցնի տարածաշրջանի գործերում իր ագրեսիվ միջամտությունը»,- ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: