ԼՂ հարցում բոլոր արտաքին ու ներքին խաղացողները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան բոլոր արտաքին ու ներքին «խաղացողներին» կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությանը:

«Բոլոր արտաքին և ներքին խաղացողներին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Այժմ անհրաժեշտ է չափազանց զգույշ լինել, որպեսզի հնարավոր լինի հասնել հրադադարի ռեժիմի անհապաղ ձեռքբերմանը և կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, 1991 թվականից ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին: Մտադիր ենք շարունակել կապի մեջ լինել բոլոր գործընկերների հետ»,- հավելել է Ռուդենկոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: