Հունաստանը պատրաստ է աջակցել ԼՂ-ում հակամարտության դեէսկալացիային

Հունաստանը դատապարտել է մարդկային կորուստները և հայտարարել, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը մեղմելու ջանքերին: Այս մասին Հունաստանի ԱԳՆ-ը հայտնել է Twitter-ի իր էջում՝ երեկ երեկոյան Հունաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Նիկոս Դենդիասի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցից հետո։

«ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվեցին Հունաստանի և Հայաստանի միջև բարեկամական ամուր կապերը: Դենդիասը դատապարտեց մարդկային կորուստները և պատրաստակամություն հայտնեց աջակցել Լեռնային Ղարաբաղում անհապաղ դեէսկալացիային ուղղված ջանքերին»,- նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Հունաստանը հատուկ մտահոգությամբ է դիտում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճը և կոչ է անում «բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան Մինսկի խմբի շրջանակներում»: