Ադրբեջանն ունի 200-ից ավելի մարդկային կորուստ

Արցախի սահմանին մարտական գործողությունները դեռ շարունակվում են, ճշտված տեղեկություններով՝ Ադրբեջանն ունի մոտ 200-ից ավելի մարդկային կորուստ, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ, 2 տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ: Իսկ հայկական կողմում, նախնական տվյալներով, 16 զոհ կա և հարյուրից ավելի վիրավորներ: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում անցկացվող ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հայկական կողմի կորուստների և զոհերի մասին ավելի ստույգ ՊՆ-ը կհայտնի:

Հարցին, թե ինչ գործիքակազմ կա այս պահին, որ հրադադարը վերականգնվի, Հովհաննիսյանը պատասխանեց, որ Հայաստանի պետական կառույցներն ու մարմինները մշտապես ինտենսիվ կապի մեջ են միջազգային համապատասխան մարմինների հետ: Իսկ իրականացվող քայլերի և դրանց հաջորդականության մասին խոսելը Արծրուն Հովհաննիսյանն այս պահին ոչ տեղին համարեց՝ միայն ասելով, որ հայկական կողմի գործողությունները երբեք զուտ պաշտպանողական չեն եղել:

Խոսելով ադրբեջանական կողմի հայտարարությունների և տարածած տեսանյութերի մասին, թե իրենք դիրքեր են գրավել կամ զինտեխնիկա են խոցել՝ Հովհաննիսյանը նշեց, որ յուրաքանչյուր կադրի մասին տեղեկությունները պարզվել են, և դրանք կապ չունեն այսօրվա իրավիճակի հետ: