Պատերազմն անկանխատեսելի էտապներով է զարգանում . սա պարզ պատերազմ չէ. Ավետ Ադոնց

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի խոսքով՝ այսօրվա դրությամբ միջազգային գործընկերների հետ թե՛ երկկողմանի, թե՛ միջազգային կազմակերպությունում հիմնականում քննարկվում են այդ ռազմական գործողություննները կամ պատերազմը։

«Մենք այսօր քննարկում ենք ռազմական գործողությունները, դրանց բազմաբնույթ, անսովոր լինելը և մեր միջազգային գործընկերները մեզ հասկանում են», – խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ավետ Ադոնցը։

Հարցին՝ միջազգային գործընկերների հետ քննարկո՞ւմ են Արցախի անկախությունը ճանաչելու հարցը, Ա. Ադոնցը պատասխանեց, որ քննարկում են ռազմական գործողությունները։

Ըստ նրա, այն զարգացումները, որոնք տեղի են ունենում այսօր,  այդուամենայնիվ զարգացող են, ամեն րոպե, ամեն ժամ փոխվող զարգացումներ են։

«Ակնհայտ է, որ բոլոր գնահատականներն ու դիրքորոշումները համապատասխանաբար փոխվելու են։ Վստահ եմ, որ վաղը կլինեն այլ հայտարարություններ մեր գործընկեր պետություններից, որոնք այսօր արդեն հանդես են եկել ինչ-որ հայտարարություններով»,-շեշտեց ՀՀ փոխարտգործնախարարը։

Հարցին՝ ՀԱՊԿ-ին ասե՞լ են, որ Ադրբեջանը թիրախավորել է Արցախի խաղաղ բնակչությանը Ռուսաստանից և Բելառուսից գնված զենքով, Ավետ Ադոնցը պատասխանեց, որ հայկական կողմը խնդրողի դերում չէ։

«Այսինքն՝ ասենք, որ մեզ սպանո՞ւմ են, պատերազմ է, որը ենթադրում է էլեմենտներ: Մեր դաշնակիցների կողմից զենքի վաճառքի հարցը այսօրվա հարց չէ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կամ Բելառուսի մեր գործընկերների հետ երկխոսությանը, ապա այսօր դրանք ընթանում են բավականին դինամիկ և ինտենսիվ։ Ընդհանուր առմամբ այն, ինչ տեղի է ունենում շփման գծի երկայնքով, այսօր արձագանքները, բացառությամբ մի քանիսի՝ մեզ բավարարում են»,-ընդգծեց Ա. Ադոնցը։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի  արձագանքին, որով Հայաստանին և Ադրբեջանին կոչ էր արվել պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթաց, Ավետ Ադոնցը նշեց, որ միայն Ռուսաստանի հայտարարության մեջ չէ,  որը պարունակում էր նման կարգի մոտեցում, նաև քաղաքակիրթ աշխարհը ներկայացնող երկրների հայտարարություններն էին նման բնույթի։

«Պատերազմն անկանխատեսելի էտապներով զարգանում է, սա պարզ պատերազմ չէ, որովհետև մեր հակառակորդն այսօր գործում է մի փոքր անսովոր՝ թե՛ աշխարհագրությունը հաշվի առնելով, թե՛ գործիքները։ Այդ պատճառով էլ համոզված եմ, որ հայտարարությունների բնույթը էականորեն կփոխվի»,-եզրափակեց նա։