«Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա». Թոմաս դը Վաալը միջազգային հանրությանը կոչ է արել մտահոգություն հայտնելուց ավելին անել

Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող, կովկասագետ Թոմաս դը Վաալն անդրադարձել է Արցախի ուղղությամբ ադրբեջանական հարձակումներին՝ նշելով, որ եթե «Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա»:

«Սարսափելի լուրեր: Սա Ադրբեջանի կողմից ռազմական հարձակում է Ղարաբաղի առաջնագծի ուղղությամբ: Արդեն փոքր պատերազմ է: Ծանր զինատեսակներ են կիրառվել: Համացանցը չի աշխատում Ադրբեջանում: Հայկական կողմը զորահավաք է հայտարարել: Այս ամենը հետևել է երկու կողմից հնչող ռազմական հռետորաբանությանը»,- Twitter-ում գրել է բրիտանացի լրագրողը:

Վերջինս հավելել է, որ եթե Ադրբեջանը «պատերազմ է հայտարարում, պատերազմ կստանա»:

«Ավելի վաղ արված հայտարարությունները ենթադրում են, որ Բաքուն ցանկանում է վերականգնել 1990-ականերին տիրող իրավիճակը: Հավանաբար, փորձում է օգտագործել այն պահը, երբ միջազգային հանրության ուշադրությունը շեղված է, ԱՄՆ-ն ընտրություններով է զբաղված, ԵԱՀԿ-ն առանց ղեկավար է մինչև ձմռան սկիզբ»,- շեշտել է կովկասագետը:

Մասնագետն ընդգծել է տեղի ունեցող իրադարձությունների վտանգավորությունը՝ նշելով, որ «երկու կողմերն էլ այժմ գտնվում են ռազմական տրամադրության մեջ, և ավելի քան երբևէ ունակ են խոցելու քաղաքացիական և ռազմավարական շրջաններ»:

Նա նաև հավելել է, որ այս տարի Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին շատ ավելի արտահայտված է, քան երբևէ:

«Ռուսաստանը, չնայած Հայաստանի հետ ռազմական դաշնակցությանը, առավել երկիմաստ  պահվածք է դրսևորում, քանի որ ուժեղ կապեր ունի Ադրբեջանի հետ: Սակայն այժմ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն ավելին անի, քան «մտահոգություն հայտնելն է», գործի սրումն ու հակամարտության ընդարձակումը կանխելու համար, անհրաժեշտ է, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը մի կողմ դնեն տարաձայնություններն այլ հարցերի շուրջ»,- հավելել է դե Վաալը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: