ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին, Էստոնիայի և Կիպրոսի ԱԳ նախարարներին ներկայացրել է իրադրությունը շփման գծում

ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի լինել իր օտարերկրյա գործընկերների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:

Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից իրավիճակի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության շուրջ վերջին զարգացումները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 16 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։