ԿԽՄԿ-ն կոչ է անում ապահովել բոլոր միջոցները քաղաքացիական անձանց կյանքը խնայելու, ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 27-ի առավոտից հայ-ադրբեջանական շփման գծին ուժգնացած ռազմական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին  տեղեկացնում են ԿԽՄԿ Երևանի գրասենյակից։

«ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին ապահովել բոլոր միջոցները քաղաքացիական անձանց կյանքը խնայելու ու ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ հարգելով միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները` համաձայն կողմերի ստանձնած պարտավորությունների»։

Իր հերթին տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը ասել է. «Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս լարվածության հետևանքով տուժածներին, ինչպես նաև հանդես գալու որպես չեզոք միջնորդ: Մենք հորդորում ենք կողմերին մշտապես գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հավատարիմ մնալու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:

Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել՝ տատ և թոռնիկ: