ՀՀ ԱՆ-ը կոչ է անում արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով դառնալ կամավոր դոնոր

ՀՀ առողջապահության նախարարությունը հայցելով ժողովրդի աջակցությունը՝ կոչ է անում արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով դառնալ կամավոր դոնոր։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորը գիտակցեն`յուրաքանչյուրի հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր:

«Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր բժշկական կազմակերպություններ` արյունատվության համար: Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ: Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն»,- նշում են Առողջապահության նախարարությունից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Նախնական տվյալներով զոհվել է մոտ 10 զինծառայող։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։