Ադրբեջանի նախահարձակ լինելու ապացույցներն ակնհայտ են

Հայկակական միասնական տեղեկատվական հարթակի հրավիրած ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի ապատեղեկատվություններին, թե Հայաստանն է սանձազերծել ռազմական գործողությունները սանդրանքով, հայտնեց, որ Ադրբեջանն իր հարձակման գործողությունները պլանավորել էր մանրակրկիտ և դրա ապացույցներն ակնհայտ են։

«Ինչպես գիտեք, գործողություններին զուգահեռ ադրբեջանական պաշտոնական լրահոսում հայտնվեցին համապատասխան հայտարարություններ՝ իբր հայկական կողմը կատարել է համապատասխան սադրանք, և իրենք իբր պատասխանում են մեզ, բայց մեր մասնագետների, գործընկերների կողմից ներկայացվեցին բազում փաստեր՝ սկսած օրեր առաջ ադրբեջանական լրահոսում երևացող տարատեսակ պլանավորված գործողություններից Թուրքիայի և Ադրբեջանի օդային հաղորդակցության նյութերի վերաբերյալ, նաև այսօր առավոտյան անմիջապես գործողություններից րոպեներ անց ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների ինտենսիվ աշխատանքը բուն մարտական գործողությունների շրջանից, դրանից հետո Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունը, որ իրենք իբր մեր գործողություններից հետո անցնում են լայնամասշտաբ հակահարձակողական օպերացիայի, այս ամեն ինչը գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանն այս ամենը պլանավորել էր մանրակրկիտ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ հնարավոր չէ մեկ ժամում, մեկ օրում օպերացիա պլանավորել, հնարավոր չէ լրագրողին մեկ րոպեում, մեկ ժամում բերել հասցնել առաջնագիծ, հնարավոր չէ այդ ամեն ինչը թաքցնել, այդ ապացույցները բազում են. «Մեր գործընկերները միջազգային հարթակներում, միջազգային կառույցներում աշխատում են, այդ փաստերը կհավաքենք ամբողջական կներկայացնենք, թե իրականում Ադրբեջանն ինչպես էր դա սկսել»,- նշեց նա: