Եվրոպայի խորհրդի հայտարարությունը ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Խիստ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով: Կոչ եմ անում մեր անդամ պետություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին, պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերել ՝ անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները:

Եվրոպայի խորհրդին անդամակցելիս երկու երկրներն էլ պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, և այդ պարտավորությունը պետք է խստորեն հարգել:

Այս դժվարին ժամանակներում իմ մտքերը խաղաղ բնակիչների հետ են՝  երեխաների, կանանց և ծերերի, որոնք ամենախոցելին են ստեղծված իրավիճակում:

Եվրոպայի խորհրդի անունից կոչ եմ անում հակամարտող իշխանություններին անել հնարավորը մարդկային կյանքերը պաշտպանելու և ռազմական բախումներից զերծ պահելու համար: Կոչ եմ անում ջանք չխնայել իրավիճակի սրումը կասեցնելու համար:

Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իրենց աշխատանքում` օգնել մեր անդամ պետություններին գտնելու այս հակամարտության խաղաղ հանգուցալուծումը: