ՀՀ ԱԳ նախարարը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, երեք ԱԹՍ և երեք տանկ:

Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։

ՀՀ ԱԳՆ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ. «Հայկական կողմերը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: