Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հայկական կողմերը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է գրառման մեջ։

Նշենք, որ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել։

Ավելի ուշ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում:

«Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»,- գրել է նա։