Արսեն Թորոսյանի «կանտորան» «Գարդասիլ»-ով պատվաստման հետևանքներից հետո փորձում է կոծկել իրականությունը. մաս 2-րդ

Մեր երեխաները, մենք Թորոսյանի համար փորձարկման ենթակա կենդանի արարածներ չենք

Սկիզբը` այստեղ

Երևանի «Արմենիա» ԲԿ-ի պոլիկլինիկայում մարդու պապիլոմավիրուսի (HPV) դեմ վերջերս «Գարդասիլ-4»-ով պատվաստված մայրաքաղաքի 17-ամյա բնակչուհու մոտ պատվաստումից հետո, ըստ սկզբնական ախտորոշման, առկա է եղել տեսողական նյարդի նևրիտ: Սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակմամբ, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկուհի, նյարդաբան Նունե Կույումջյանը կարճ ժամանակ անց հապշտապ հանել է իր իսկ կողմից տրված այդ ախտորոշումը, փոխարինել այն չգիտես թե ինչ և, ամենայն հավանականությամբ, իրականությունը չարտահայտող ախտորոշմամբ:

Նունե Կույումջյանը միաժամանակ հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատուն մանկական նյարդաբանության գծով, և, կարծում ենք, արդեն իսկ պարզ է, որ կա շահերի բախում: Բացի այդ, նախորդ հրապարակմամբ չէինք բացառել, որ նախապես տրված ախտորոշումը փոխելու ուղղակի ցուցում կարող էր տրված լինել ՀՀ առողջապահության նախարարության կամ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող ու պատվաստումների հարցում շահագրգիռ, GAVI-ի (Global Alliance for Vaccines and Immunisation — Պատվաստումների և իմունիզացիայի գլոբալ դաշինք) խորհրդի անդամ Արսեն Թորոսյանի կողմից… Իսկ ինչո՞ւ…

Նախկինում, մինչ պատվաստումը, աչքերի կամ տեսողության հետ կապված որևէ խնդիր չունեցող աղջկա տեսողության լուրջ խաթարումը (ըստ տուժածի մոր` տիկին Օվսաննայի պատմածի, մնացել էր աղջկա տեսողության մոտ 20 տոկոսը), ինչպես նաև առողջական այն խնդիրները, որոնք, աղջկա ու նրա մոր պատմածով, առաջացել են «Գարդասիլ-4»-ով պատվաստումից գրեթե անմիջապես հետո, չունեն այլ բացատրություն, քան այն, որ դրանք եղել են հենց «Գարդասիլ-4»-ով պատվաստման հետևանք:

«Տեսողական նյարդի նևրիտ» սկզբնական ախտորոշումը փոխելու նպատակը, ամենայն հավանականությամբ, եղել է այն, որ չապացուցվի հիշյալ պատվաստման ու դրանից հետո տեսողության լուրջ խաթարման պատճառահետևանքային կապը: Այդ դեպքում, սակայն, անտեսվել է, որ աշխարհում առկա են պատվաստումներից հետո օպտիկական նևրիտի առաջացման մասին տարբեր հաղորդումներ, դրանց վերաբերյալ գիտական հրապարակումներ, որոնք վկայում, առնվազն հուշում են, որ Երևանի 17-ամյա բնակչուհու մոտ առաջացել է հենց տեսողական նյարդի նևրիտ, և որ այն «Գարդասիլ-4»-ով պատվաստման հետևանք է:

Այս հոդվածի 1-ին մասում ներկայացնելով 2018թ. սեպտեմբերի գիտական մի հրապարակում HPV-ի դեմ պատվաստումների հարուցած (թեկուզ հազվադեպ) տեսողական նյարդի նևրիտի, տարբեր պատվաստումներից հետո տեսողական նյարդի նևրիտի առաջացման վերաբերյալ հաղորդումների ստացման մասին, հերքել էինք «Ազատության» հետ զրույցում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի այն հայտարարությունը, թե «չկա այդպիսի պատվաստում, որը նման երևույթ առաջացնի»: «Վաղ տարիքի երեխայի մոտ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումից հետո տեսողական նյարդի միաժամանակյա երկկողմանի նևրիտ» վերտառությամբ այդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Վերոնշյալ գիտական հոդվածը, սակայն, միակ վկայությունը չէ «Գարդասիլ-4»-ով պատվաստումից հետո տեսողական նյարդի նևրիտի առաջացման: Դրա մասին հստակ նշված է նույնիսկ հենց «Գարդասիլ-4»-ի` ոչ թե պացիենտների, այլ բժիշկների համար նախատեսված ներդիրում: Ճիշտ է, ըստ նշված ներդիրի 9-րդ աղյուսակի (էջ 8), «Գարդասիլ-4»-ի կլինիկական փորձարկումներում ընդգրկված 9-26 տարեկան կանանց և աղջիկների շրջանում պատվաստումից հետո առաջացած տեսողական նյարդի նևրիտի, ինչպես նաև համակարգային աուտոիմուն հիվանդության այլ դեպքերի քանակը շատ փոքր է, սակայն ընդգծենք, որ կա այլ հետազոտություն, որի համաձայն, պատվաստումից հետո տարբեր ախտանշանների, առողջական խնդիրների առաջացման դեպքերի շուրջ 1 տոկոսն է ներկայացվում հանրությանը:

Ավելին. հենց նույն ներդիրի 13-րդ էջի սկզբնամասոմ, 13.1 կետի ներքո նշված է, որ «Գարդասիլը չի գնահատվել քաղցկեղածնության կամ գենոտոքսիկություն (մուտագենության, գենետիկ թունավորման.- Ա. Հ.) առաջացնելու ներուժի կապակցությամբ»։

Ներկայացնում ենք նաև ընդամենը մեկ-երկու հատված «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության «Հետք» ինտերնետային թերթում հրապարակված  ««Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում» վերտառությամբ հարցազրույցից:

«Հետք»-ն ուսումնասիրելով «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկման առնչությամբ տարբեր երկրներում առկա փորձը՝ հիմնված դատական գործերի վրա, պարզել էր, որ պատվաստանյութի բացասական հետևանքների փոխհատուցման ամենամեծ պահանջներից մեկը Կոլումբիայում է ներկայացվել:

«Կոլումբիացի 700 կին այժմ պատվաստանյութն արտադրող ընկերությունից պահանջում է 160 մլն դոլար,- գրել է «Հետք»-ը:- Դատական գործը դեռևս ընթացքի մեջ է: Կոլումբիացի կանանց փաստաբանի հետ դատարանում աշխատում է լրագրող, մարդաբան և հետազոտող Մարիո Լամոն (Mario Lamo): Ներկայացնում ենք հատված` նրա հետ հեռակա արված զրույցից».

«Կարո՞ղ եք մանրամասնել ամենավատ ազդեցությունները, որոնք նրանք կրել են:

Կողմնակի շատ ազդեցություններ կան, որոնք թվում է ինքը` արտադրողը: Դուք կարող եք այդ ցանկը տեսնել այստեղ: Խնդրում եմ նկատել, որ այդ ցանկի վերջում ասվում է. «Կողմնակի ազդեցությունների ավելի ամբողջական ցանկի համար դիմեք Ձեր բժշկին»:

Ահա այն ազդեցությունները, որոնք ցանկում ներառված չեն.

1) Մահ, 2) ASIA-ի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 3) Գիյեն-Բարրեի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 4) վաղ դաշտանադադար (բացատրվում է նաև 5-րդ հարցի պատասխանում), 5) ուշագնացություն, 6) կաթված, 7) հիշողության կորուստ, 8) արյունահոսություն, 9) մազաթափություն, 10) տեսողության կորուստ, 11) անկանոն դաշտան, 12) դիզավտոնոմիա (Dysautonomia)»:

ՀՀ առողջապահության նախարարության և առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի համար մեր երեխաները և հասարակության մյուս անդամները փորձարկման ենթակա կենդանի արարածներ կամ թիրախներ չեն ու չեն  կարող լինել, նրանք անտեր չեն: Հեռու չէ այն ժամանակը, երբ իրենց գործողությունների և անգործության հետևանքով մարդկանց առողջության խաթարման, տարբեր հիվանդություններով հիվանդանալու, իսկ նոր կորոնավիրուսային համավարակի հետ կապված` նաև մահվան դեպքերի համար պատասխան են տալու:

Արթուր Հովհաննիսյան

13 ՈՉ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԹՈԻՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (տոքսիկոլոգիա)

13.1 Քաղցկեղածնություն, մուտագենություն, պտղաբերության խանգարում

Գարդասիլը չի գնահատվել քաղցկեղածնության կամ կամ գենոտոքսիկություն առաջացնելու ներուժի կապակցությամբ։