Հնդկաստանը հիշեցրեց աշխարհին, թե ով է «վերահսկում» միջազգային ահաբեկչությունը

2020-ին երկրորդ անգամ՝ Հնդկաստանը (ըստ էության, Բհարատը-«Արիացիների երկիր») կոշտ «տեղն է դնում» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Սեպտեմբերի 22-ին «թուրքական սուլթանը», խոսելով ՄԱԿ գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան բանավեճում (տեսաուղերձում), կրկին փորձեց «հարվածել» Հնդկաստանին՝ օգտագործելով Ջամու և Քաշմիր նահանգի շուրջ հակամարտությունը, պնդելով, որ Հնդկաստանի այդ նահանգի  մահմեդական բնակչությունը «ճնշված է»: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ այս խնդիրը «Հարավային Ասիայում կայունության ու խաղաղության բանալին է»: «Ջամուի և Քաշմիրի հատուկ կարգավիճակի վերացումից հետո ձեռնարկված քայլերն ավելի են բարդացնում խնդիրը»,- ասաց Էրդողանը: Դեռ գարնանը Հնդկաստանի իշխանությունները նախազգուշացրել  էին թուրքերին՝ ներքին գործերին միջամտելու փորձերի մասին, հատկապես խճճված և շատ բարդ խնդրի մեջ, որը սրվել է հնդկա-պակիստանյան մի քանի պատերազմներից հետո: Մենք արդեն գրել ենք նաև, թե Էրդողանը ինչպես է փորձում սուննի իսլամիստական ​​դաշինք կազմել Պակիստանի հետ և պարզ է, թե ինչու. նա տեսնում է հսկայական պանթուրքիստական ​​«կայսրություն», որը գլխավորում է Անկարան, և թուրքերը ցանկանում են օգտագործել Պակիստանը որպես «թնդանոթների միս» Հնդկաստանի և Չինաստանի դեմ: Այո, և Չինաստանի…

Մի քանի խոսք այն մասին, թե ինչ հարցի մեջ Էրդողանը որոշեց «քիթը խոթել»: 2019 թվականի դեկտեմբերի 11-ին Հնդկաստանի խորհրդարանն ընդունեց փոփոխություններ «Քաղաքացիության մասին» օրենքում: Նորամուծությունները հնարավորություն են տալիս ոչ մահմեդական միգրանտներին (հինդուիստներ, քրիստոնյաներ, բուդդայականներ, զրադաշտականներ, ջայներ և սիկհներ), որոնք Հնդկաստան էին եկել մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Պակիստանից, Բանգլադեշից և Աֆղանստանից՝ իրենց երկրներում կրոնական հետապնդումների պատճառով, ստանալ Հնդկաստանի քաղաքացիության իրավունք: Օրինագիծը մեղմացնում է Հնդկաստանում բնակության պահանջվող տևողությունը 12-ից 6 տարի՝ միգրանտների համար: Այս օրենքը բողոքի ալիք է բարձրացրել Հնդկաստանում: Բողոքողներըի խոսքով՝ այն ոտնահարում է մահմեդականներին և հեռանում է նաև աշխարհիկ պետության սկզբունքից, քանի որ նոր օրենքի համաձայն, քաղաքացիություն ստանալու արտոնությունը տրվում է՝ կրոնով պայմանավորված: Օրենքին դեմ էին նաև Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող ազգային փոքրամասնությունները, որոնք վախենում են բնակչության էթնիկական կազմի փոփոխությունից՝ միգրանտներին քաղաքացիություն շնորհելու պատճառով: Փետրվարին Դելիում անկարգություններ սկսվեցին: Պատճառը՝ քաղաքացիության մասին օրենքի պաշտպանների և հակառակորդների բախումն էր: 2019 թվականի հոկտեմբերի 31-ից Ջամու և Քաշմիրի հնդկական մասը պաշտոնապես բաժանվել է երկու վարչական միավորների, որոնք անմիջականորեն ենթակա են Հնդկաստանի կառավարությանը: Նշված տարածքը բաժանվեց Արևելյան մասի, որը սահմանակից էր Չինաստանին և Արևմտյան մասի, որը տարածքային կապ ունի Պակիստանի հետ: Արևելյան մասը կոչվում է Լադախ, արևմտյան՝ Ջամու և Քաշմիրը: Քաշմիրի պլանավորված բաժանման մասին հայտարարությունից հետո, հիմնականում մահմեդական շրջանում, անկարգություններ և բողոքներ են սկսվել, և հազարավոր մարդիկ են ձերբակալվել, այդ թվում՝ քաղաքական տարածաշրջանային (սուննի) առաջնորդներ:

Եվ ահա Էրդողանի հերթական դեմարշը, որի ետևում, ինչպես ենթադրում ենք, թաքնված է Թուրքիայի և Պակիստանի գլխավոր ծրագիրը: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Անկարան և Իսլամաբադը միշտ հակահայկական են և «Բաքվի հանրապետության» (այսինքն՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի) առավել կրակոտ դաշնակիցներն են: Մենք առաջարկում ենք, որ հայկական բոլոր լրատվամիջոցներն այլևս չգրեն «Ադրբեջան»՝ հարևան Իրանին չնյարդայնացնելու համար: Այս անունով, կա միայն մեկ տարածաշրջան «Ադրբեջան» տեղանունով, և այն կազմում է Հյուսիսային Իրանի երկու նահանգ: Ի վերջո, Թուրքիայի նախագահը խստորեն պաշտպանեց Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշիի հայտարարությունը Քաշմիրի պատկանելիության խնդրի վերաբերյալ: Բայց պատասխանը չուշացավ: Ինչպես գրում է «The Hindu Times» թերթը, ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ​​ներկայացուցիչ Թ.Ս. Տիրումուրտին կոշտ ու կատեգորիկ հայտարարեց. «Պարոն Էրդողանի կեղծ հայտարարությունները մեր Ջամու և Քաշմիրի միութենական տարածքի վերաբերյալ միանգամայն անընդունելի են: Անկարան պետք է սովորի հարգել այլ երկրների ինքնիշխանությունը և ավելի խոր մտածել սեփական քաղաքականության մասին»: Սրանք պարզապես ակնարկներ չեն. սրանք Թուրքիային գրեթե ուղղակի ցուցումներ են այն մասին, որ թուրքերը շատ խնդիրներ ունեն, և Հնդկաստանը կարող է կտրուկ փոխել իր վերաբերմունքը թուրքական խնդիրների նկատմամբ:

Պակիստանը նույնպես ստացավ Դելիից, և բացահայտ սպառնալիքի տեսքով. «Մենք կտրականապես մերժում ենք Հնդկաստանի մաս կազմող Ջամու և Քաշմիր միութենական տարածքի չարամիտ և դիտավորյալ հիշատակումը: Եթե ​​ՄԱԿ-ի օրակարգում կան չլուծված խնդիրներ, ապա դրանք վերաբերում են ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարին: Իսկ Պակիստանը ահաբեկչության գլոբալ, համաշխարհային էպիկենտրոնն է»:

Ուզում էր Հնդկաստանը, թե ոչ, Թ. Ս. Տիրումուրտիի հայտարարությունները պարունակում են նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի դեմ ահաբեկչության մասնակցելու մեղադրանքների տարր: Ի վերջո, այս երկրները Պակիստանի «պահապաններնը», «խնամակալները» և երաշխավորներն են, ինչպես նաև Պակիստանում ահաբեկիչների պատրաստման ճամբարների տերերը: Հետաքրքիր է, թե Էրդողանն ու Պակիստանի ղեկավարությունը ինչպես են «մարսելու» Հնդկաստանի մեղադրանքները…

Սերգեյ Շաքարյանց