Արսեն Թորոսյանի «կանտորան» «Գարդասիլ»-ով պատվաստման հետևանքներից հետո փորձում է կոծկել իրականությունը

Երևանի «Արմենիա» ԲԿ-ի պոլիկլինիկայում մարդու պապիլոմավիրուսի դեմ վերջերս «Գարդասիլ-4»-ով կատարված պատվաստումից հետո մայրաքաղաքի 17-ամյա բնակչուհու գրեթե ամբողջական կուրացումից հետո (ըստ մոր` տիկին Օվսաննայի պատմածի, մնացել էր տեսողության մոտ 20 տոկոսը) ՀՀ առողջապահության նախարարությունը շտապեց հանդես գալ հերքմամբ և կոծկել իրականությունը: Եվ բնավ զարմանալի չէ, որ նախարարության այդ «հերքումը» լայն զանգվածներին հասցնելու գործին լծվեց «Ազատությունը»:

«Առողջապահության նախարարությունն ընդգծում է՝ որևէ պատվաստանյութ տեսողական այսպիսի խնդիրների չի կարող հանգեցնել,- գրել է «Ազատությունն» իր կայքում և այնուհետ մեջբերել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքը. «Չկա այդպիսի պատվաստում, որը նման երևույթ առաջացնի»:

Որ պատվաստումը, մասնավորապես, «Գարդասիլով» պատվաստումը նման երևույթ չի կարող առաջացնել, ապատեղեկատվություն է. Գայանե Սահակյանը կա՛մ անտեղյակ է իրականությանը, կա՛մ անտեղյակ ձևանալով, լրատվամիջոցին միտումնավոր կերպով կեղծ տեղեկատվություն է հայտնել, որպեսզի քար չընկնի «Գարդասիլ-4»-ով պատվաստումների ծրագրի գլխին: Մեր երեկվա «Երբ «Գարդասիլ-4»-ով պատվաստման հետևանքներից հետո առողջապահության նախարարությունն ու նրա ենթակաները փորձում են կոծկել իրականությունը» վերտառությամբ հրապարակմամբ խոստացել էինք այս մասին հանդես գալ առավել հանգամանորեն:

Նախ նշենք, որ հենց «Ազատության» վերոնշյալ հրապարակման օրը` սեպտեմբերի 18-ին, ՀՀ առողջապահության նախարարության և Գայանե Սահակյանի «հերքումներն» իր ֆեյսբուքյան գրառմամբ հերքեց նեյրովիրաբույժ, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը.

«Եվ այսպես !!!

ՀՀ ԱՆ-ը հայտարարում է, որ Գարդասիլը անվտանգ է և չի կարող ազդել տեսողության վրա։

Ներկայացնում եմ 2018 թվականի սեպտեմբերի գիտական հրապարակում այս հարցի վերաբերյալ։

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6257468/

Պատվաստանյութերով պայմանավորված օպտիկական նևրիտը տարածված հիվանդություն չէ: Առկա են տարբեր պատվաստումներից հետո օպտիկական նևրիտի առաջացման մասին տարբեր հաղորդումներ, ինչը ենթադրում է հնարավոր կապ օպտիկական նևրիտի և պատվաստումների միջև: Նշված դեպքերից ԳՐԻՊԻ դեմ պատվաստանյութերն ամենատարածվածն են: Չնայած HPV պատվաստումից հետո զարգացած օպտիկական նևրիտի դեպքերը հազվադեպ են, սակայն նկարագրվել են նաև կենտրոնական նյարդային համակարգի դեմմիելինացնող այլ սինդրոմներ։

Հոդվածում ներկայացվում է միաժամանակյա երկկողմանի օպտիկական նևրիտի դեպք ՝ փոքր երեխային HPV պատվաստանյութի առաջին չափաբաժնից հետո: Նա բուժում է ստացել համակարգային կորտիկոստերոիդով, որի արդյունքում լավ կլինիկական արդյունք է գրանցվել՝ առանց դեմիելինացնող հիվանդություն զարգացնելու:

Գիտական հոդվածն ամբողջությամբ`

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6257468/

Հ.Գ. Ես պայքարելու եմ մինչև վերջ։ Պայքարելու եմ մեր երեխաների կյանքի ու առողջության իրավունքի համար։ Ու ՀՀ ԱՆ ոչ մի փթած աշխատող չի կարողանալու ինձ կանգնեցնել։ Դուք ոչ այդքան գիտական, ոչ այդքան բարոյական, ոչ էլ այդքան մարդկային պոտենցիալ չունեք։ Ձեր աստվածը փողն ու պաշտոնն են։ Դե ուրեմն … վայելեք կյանքը, ձեր ազատությանը քիչ մնաց !!!»:

Անտեղյակ ընթերցողին տեղեկացնենք, որ HPV պատվաստանյութը մարդու պապիլոմավիուսի դեմ պատվաստանյութն է, HPV-ն անգլերենով «մարդու պապիլոմավիրուս» բառերի հապավումն է: Վերոնշյալ գիտական հրապարակման մեջ շատ հստակ նշված է պատվաստումների հարուցած (թեկուզ հազվադեպ) տեսողական նյարդի նևրիտի, տարբեր պատվաստումներից հետո տեսողական նյարդի նևրիտի առաջացման վերաբերյալ հաղորդումների ստացման մասին:

Նշված է նաև, որ, չնայած հազվադեպ, պացիենտները, որոնց մոտ HPV պատվաստումից հետո զարգացել է տեսողական նյարդի նևրիտ, ունեցել են նաև կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) դեմմիելինացնող այլ համախտանիշներ, հատկապես ուժեղացուցիչ, հակամարմիններ խթանող (бустерной) դեղաչափից հետո: Երեխայի մոտ տեսողական նյարդի միաժամանակյա մեկուսացված երկկողմանի նևրիտի դեպք է եղել նույնիսկ HPV պատվաստանյութի առաջին դեղաչափի ներարկումից հետո, և հիշյալ գիտական հոդվածում ներկայացված է հենց այդ դեպքը:

Ընդգծենք, որ Երևանի 17-ամյա բնակչուհու մոտ տեսողության լուրջ խաթարումն ի հայտ է եկել «Գարդասիլ-4»-ի երրորդ, այսինքն` հենց «бустерной» դեղաչափը ստանալուց հետո:

Ավելին. «Գարդասիլ-4»-ով պատվաստումից տուժած աղջկա մոտ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկուհի, նյարդաբան Նունե Կույումջյանը սկզբնապես ախտորոշել է հենց տեսողական նյարդի նևրիտ, սակայն կարճ ժամանակ անց հապշտապ հանել է այդ ախտորոշումը, փոխարինել այն չգիտես թե ինչ և, ամենայն հավանականությամբ, իրականությունը չարտահայտող ախտորոշմամբ: Արդյոք դրա պատճառն այն չէ՞, որ Նունե Կույումջյանը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատուն մանկական նյարդաբանության գծով, և կա շահերի բախում: Բացառված չէ նաև, որ նախապես տրված ախտորոշումը ճշտելու ուղղակի ցուցում է եղել առողջապահության նախարարության կամ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող ու պատվաստումների հարցում շահագրգիռ, GAVI-ի (Global Alliance for Vaccines and Immunisation — Պատվաստումների և իմունիզացիայի գլոբալ դաշինք) խորհրդի անդամ Արսեն Թորոսյանի կողմից…

Հետաքրքիր է նաև, թե «Արմենիա» ԲԿ-ի պոլիկլինիկայում Երևանի 17-ամյա բնակչուհու աչքի հատակի ուսումնասիրությունից հետո այդ ի՞նչ սարսափելի կամ խիստ անհանգստացնող բան է տեսել երիտասարդ բժշկուհին, որ թղթերը ձեռքը վազել է այդ աղջկա բժշկուհու` մանկաբույժ տիկին Գասպարյանի մոտ: Տեսածն արդյոք չի՞ եղել տեսանյարդի այտուց…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան