Թրամփը խոստացել է կորոնավիրուսի պատվաստանյութերը տարածել դրանց հաստատումից հետո 24 ժամվա ընթացքում

ԱՄՆ-ում մշակված կորոնավիրուսի պատվաստանյութերը կարող են տարածվել կարգավորիչի հաստատումից հետո 24 ժամվա ընթացքում: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Շարլոտում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) իր կողմնակիցների առջև:

Թրամփը պնդել է, որ ապրիլից ի վեր կորոնավիրուսից ԱՄՆ-ում մահացությունների թիվը 85% -ով նվազել է: «Եվրոպայում գրեթե 50% աճ կա, դուք շատ լուրջ բռնկում եք տեսնում», – ասել է նա:

«ԱՄՆ վարչակազմը ռեկորդային ժամկետում չորս պատվաստանյութ է մշակում: Պատվաստանյութերը կբաշխվեն մինչև տարեվերջ կամ շատ ավելի վաղ,- նշել է նախագահը: -Չորս պատվաստանյութ կլինիկական փորձարկումների վերջին փուլում են: Շատ խոստումնալի պատվաստանյութեր, որոնք նախապես զանգվածային արտադրություն կստանան և կարող են տարածվել հաստատումից հետո 24 ժամվա ընթացքում»:

ԱՄՆ կառավարությունը 1,2 միլիարդ դոլար է տրամադրել բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերությանը, որը պատվաստանյութ է ստեղծում Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականների հետ համատեղ: Բացի դրանից, Վաշինգտոնի վարչակազմը այդ նպատակների համար 486 միլիոն դոլար է հատկացրել ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությանը, 456 միլիոն դոլար՝ Johnson & Johnson-ին: Merck-ը և Pfizer-ը նույնպես զբաղվում են կորոնավիրուսի պատվաստանյութի մշակմամբ: Սպիտակ տան տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի իշխանությունները 12 միլիարդ դոլար է ներդրել այդ նախագծերում: