Մոսկվայում կայացել է «ԹՈՒՄՈ» դպրոցի շնորհանդեսը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայում իր դռները բացեց «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների միջազգային դպրոցը, որը նախատեսված է 12-17 տարեկան դեռահասների համար: Այս մասին տեղեկացեր է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը շեշտել է, որ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը աշխարհում դարձել է Հայաստանի նոր բրենդ: Նրա խոսքով՝ Մոսկվայում դպրոցի բացումը ռուսական հասարակությանը ներկայացնում է ժամանակակից Հայաստանը`իր նոր ուսումնական հաստատություններով և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոններով:

Դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը շնորհակալություն հայտնեց նաև Մոսկվայում դպրոց ստեղծելու նախագծի բոլոր նախաձեռնողներին և մասնակիցներին ՝ հույս հայտնելով, որ ապագայում Ռուսաստանի այլ քաղաքներում ևս կբացվեն «ԹՈՒՄՈ» դպրոցներ:

Մոսկվայի «ԹՈՒՄՈ»  կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Աբրամովը շնորհանդեսին խոսեց դպրոցի գործունեության մասին:

Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի և Հայաստանի հասարակության ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների գործիչներ:

Մոսկվայի «ԹՈՒՄՈ»  դպրոցը բացվել է «Գենոմ Վենտուրեսի» կողմից՝ Մոսկվայի կառավարության աջակցությամբ: Գլխավոր գործընկերը՝ «ՄոնԱրխ», գլխավոր հովանավորը՝ «ՏԱՇԻՐ»:

«ԹՈՒՄՈ»   ռուսական դպրոցը կիրականացնի կրթական ծրագրեր 8 ոլորտներում. ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, համակարգչային խաղերի մշակում, երաժշտության ստեղծում, կինո և անիմացիա: Հետագայում կավելացվեն ևս 6 ոլորտներ. վեբ մշակում, թվային նկարչություն, լուսանկարչություն, նոր մեդիա, շարժապատկերներ և պատմվածքներ:

«ԹՈՒՄՈ»-ի գլխամասը գտնվում է Երևանում: «ԹՈՒՄՈ»-ն հիմնադրվել է ամերիկացի ձեռնարկատեր Սեմ Սիմոնյանի և Սիլվա Սիմոնյանի կողմից՝ 2011 թվականին: Իր գոյության 9 տարիների ընթացքում կենտրոնը վերապատրաստել է ավելի քան 50,000 երեխաների ամբողջ աշխարհում: «ԹՈՒՄՈ»  կենտրոնները գործում են Փարիզում, Մոսկվայում, Բեյրութում: Առաջիկայում նախատեսվում է կենտրոններ բացել Բեռլինում, Տոկիոյում, Կալիֆորնիայում, Նուր Սուլթանում և աշխարհի այլ քաղաքներում:

Ստեղծագործական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված միջազգային դպրոց, որը գործում է ամբողջ աշխարհում ՝ Փարիզում, Բեյրութում, Երևանում և աշխարհի այլ քաղաքներում: 2016-ին «ԹՈՒՄՈ»-ն գլխավորում էր We Demain ֆրանսիական ամսագրի աշխարհի ամենանորարար դպրոցների ցուցակը՝ հաղթելով AltSchool- ին, Տոկիոյի «Kindergarten» -ին և Նիդեռլանդների «Steve Jobs School»-ին: