Մոսկվան և Թեհրանը փակուղի են մտցնում ԱՄՆ-ին

Ռուսաստանն ու Իրանը գրոհում են Միացյալ Նահանգներին ՄԱԿ-ում: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջի էությունը պարզ է. կնքել միջազգային պայմանագիր, որը կարգելի զենքի տեղակայումը տիեզերքում: Նա շեշտել է «ռազմավարական կայունության վրա ազդող գործոնների ամբողջ փաթեթի վերաբերյալ լուրջ, խոր զրույց սկսելու» անհրաժեշտությունը: Դե, ամբողջ ՄԱԿ-ին ուղղված Վ. Պուտինի առաջարկը՝ Covid-19-ի դեմ անվճար ռուսական պատվաստանյութ ընդունելու մասին, հիշեցնեք, որ դա Ռուսաստանի նախագահի տեսաուղերձն էր, և նա առաջարկել է շտապ գումարել «մեծ հնգյակի» երկրների գագաթնաժողով, այսինքն` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների` Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա:

Մենք չենք պատրաստվում վերլուծել և կանխատեսել, թե երբ և ինչպես է Արևմուտքը արձագանքելու Վ. Պուտինի նախաձեռնություններին: Չինաստանի տեսակետից նույնպես հստակություն չի լինի. ՉԺՀ-ը բառացիորեն վերջերս սկսել է ինքնուրույն ուսումնասիրել տիեզերքը: Բայց ինչպես է ամերիկացիների վրա «հարձակվել» Իրանը, արժանի է ուշադրության: Նախագահ Հասան Ռոհանին, սեպտեմբերի 22-ին ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, հայտարարել է. «Քաղաքական ազատությունը կարևոր է, և մենք, որպես Մերձավոր Արևելքի ամենահին ժողովրդավարություն, հպարտ ենք, որ մեր ժողովուրդն ինքն է որոշում իր ճակատագիրը, և ներքին ազատությունը վաճառքի չենք դնի: Մենք չենք դառնա սակարկությունների առարկա ԱՄՆ ընտրություններում և ներքաղաքական կյանքում: Ընտրություններից հետո ԱՄՆ վարչակազմին այլ բան չի մնալու, քան հանձնվել իրանական ժողովրդի դիմացկունությանը»,- հայտնում է Tasnim News լրատվական գործակալությունը: Իրանի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը «առանց որևէ հիմքերի մեզ մեղադրում է միջուկային զենք ստեղծելու փորձի մեջ, պատժամիջոցներ է սահմանում այլոց նկատմամբ՝ միջուկային զենքի տարածման պատրվակով: Եվ դա այն դեպքում, երբ Միացյալ Նահանգներն ունեն խայտառակ համբավ՝ որպես մարդկության պատմության մեջ ատոմային ռումբեր օգտագործած միակ պետություն»:

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, հատկապես Ռուսաստանին և Չինաստանին՝ Ռոհանին շեշտել է, որ «երկու վճռական «ոչ»-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և դրա բանաձևը օգտագործելու ԱՄՆ ապօրինի փորձին հաղթանակ է ոչ միայն Իրանի, այլև համաշխարհային հանրության համար», Իրանի նախագահը հստակորեն շեշտել է. «ԱՄՆ-ը չի կարող ո՛չ բանակցություններ, ո՛չ պատերազմ պարտադրել Իրանին: Այսօր ժամանակն է, որ ամբողջ աշխարհը «ոչ» ասի ամերիկյան բռնարարքին և ամբարտավանությանը: Գերիշխանության և հեգեմոնիայի դարաշրջանն ավարտված է: Մեր ժողովուրդներն ու երեխաները արժանի են ավելի լավ և անվտանգ աշխարհի՝ հիմնված օրենքի գերակայության վրա: Եկել է ճիշտ ընտրություն կատարելու ժամանակը»,- ավարտել է իր խոսքը Հ. Ռոհանին:

Համեմատելով Ռուսաստանի և Իրանի նախագահների նախաձեռնությունները, պետք է հասկանալ, որ և Դոնալդ Թրամփը, և Ջո Բայդենը՝ որպես ԱՄՆ նախագահի երկու թեկնածու, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ստացել են երկու հզոր և տհաճ ապտակ: Թե՛ Թրամփը, թե՛ Բայդենը ստիպված կլինեն պատասխանել Ռուսաստանին և Իրանին: Ուշադրություն դարձնենք. Վ. Պուտինը և Հ. Ռոհանին «գրոհել են» ԱՄՆ-ին՝ հաջող ընթացող «Կովկաս-2020» գլոբալ զորավարժությունների ֆոնին, որոնց ընթացքում արդեն մեկնարկել են նաև զուտ ռուս-իրանական զորավարժությունները: Այսպիսով, սեպտեմբերի 22-ին՝ զորավարժությունների ընթացքում, Սևծովյան նավատորմի «Բալ» և «Բասթիոն» շարժական առափնյա հականավային հրթիռային համակարգերը մարտական ​​հրթիռներով խոցել են պայմանական թշնամու նավերը՝ ընդօրինակող ծովային վահաններին: Հարվածների ճշգրիտ վերահսկումն իրականացվել է ծովային ավիացիայի անօդաչու թռչող սարքերի միջոցով: Սեպտեմբերի 23-ին Կասպիցի նավատորմի «Բալ» հրթիռային համակարգերի մարտական ​​անձնակազմը Կասպից ծովում ոչնչացրել է պայմանական թշնամու նավը: Կասպից ծովում զորավարծությունների շրջանակներում էր, որ Իրանի ռազմածովային ուժերի երկու նավ աջակցություն են ցուցաբերել ռուսական ծովային ուժերին՝ Դաղստանի Զելենոմորսկի մոտակայքում գտնվող ափին դեսանտի վայրէջքի մի դրվագի ընթացքում: Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ՝ Ռուսաստանի և Իրանի համատեղ նավախումբը լիովին ջախջախել է պայմանական թշնամուն: Զորավարժությունների սցենարի համաձայն՝ Ռուսաստանի ՌԾՈՒ Կասպյան նավատորմի ռազմածովային խումբը և Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերի ջոկատը՝ «Թաթարստան», «Ուստյուգ», «Աստրախան», «Ջոուշան» և «Պեյկան», միաժամանակ հրետանային կրակ են իրականացրել վերջրյա թիրախների վրա: «Կովկաս-2020» զորավարժությունների շրջանակներում Ռուսաստանի և Իրանի համատեղ նավախումբը նաև խնդիրներ է իրականացնելու Կասպից ծովում ծովային հաղորդակցությունների պաշտպանության և պայմանական ահաբեկիչներին հակազդելու գործում:

Հասկանալի է, թե ինչու իրանական բանակի համակարգողի տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին սեպտեմբերի 22-ին նախազգուշացրել է ԱՄՆ-ին, Իսրայելին և տարածաշրջանում Թեհրանի մյուս հակառակորդներին. «Մենք վերահսկում ենք մեր թշնամիներին տարածաշրջանում և դրանից դուրս: Մենք լավ ծանոթ ենք սպառնալիքներին: Իրենց կողմից Իրանին հասցված ցանկացած վնաս նրանց համար անընդունելի վնասի է հանգեցնելու: Ագրեսիա սանձազերծելու դեպքում հակառակորդների կորուստները կգերազանցեն ցանկացած առավելություն Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելիս»,- հաղորդում է Tasnim News-ը: Այժմ աշխարհը սպասելու է Սպիտակ տան «պատասխաններին»:

Սերգեյ Շաքարյանց