ՍԴ նախագահի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածու

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար կպայքարեն 2 թեկնածու: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:

«Եղել է մեկ առաջադրում և մեկ ինքնառաջադրում»,- ասաց Պետրոսյանը՝ հրաժարվելով անուններ հրապարակել:

Հարցին՝ նորընտիր դատավորներից թեկնածու կա՞, Արևիկ Պետրոսյանը դրական պատասխան տվեց:

Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին: ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ  գաղտնի քվեարկությամբ: 

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին: