Դիվանագետները հորդորում են ԱՄՆ-ին՝ պայքարել COVID-19- ի դեմ, ոչ թե ռուսական պատվաստանյութի

Ռուսաստանը ԱՄՆ-ին կոչ է անում պայքարել ոչ թե ռուսական պատվաստանյութի, այլ կորոնավիրուսի դեմ: Այս մասին ասվում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ:

«Մի՛ փորձեք նսեմացնել նախագահի Վլադիմիր Պուտինի կառուցողական առաջարկը` հրավիրել  խորհրդակցություն այն երկրների համար, որոնք շահագրգռված են համագործակցել COVID-ի դեմ պատվաստանյութերի մշակման հարցում: Փրկեք ամերիկացիների կյանքը: Պայքարեք COVID-19- ի, ոչ թե ռուսական պատվաստանյութերի դեմ»,- ասվում է Twitter- ում դեսպանության հաղորդագրության մեջ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթահուսը սոցիալական կայքերում գրառմամբ քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում Պուտինի հայտարարությունը, թե ռուսական պատվաստանյութը անվտանգ և արդյունավետ է, ասելով, որ անկախ փորձագետները կասկածի տակ են դրել կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլերի արդյունքները:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը բաց է և հավատարիմ է կորոնավիրուսի դեմ պայքարի գործընկերությանը, որի կապակցությամբ առաջարկում է անցկացնել պատվաստանյութերի վերաբերյալ առցանց խորհրդակցություն այն պետությունների մասնակցությամբ, որոնք շահագրգռված են COVID 19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման հարցում: Նա նաև առաջարկել է ՄԱԿ-ի աշխատակիցներին անվճար տրամադրել կորոնավիրուսի պատվաստանյութը: