ԵՄ-ը չի ճանաչում Լուկաշենկոյի երդմնակալության արարողության օրինականությունը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը և նախագահական նոր ժամկետը, ինչպես նաև վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ը «չի ճանաչել կեղծված ընտրությունների արդյունքները», որոնք տեղի են ունեցել օգոստոսի 9-ին:

«Դրա հիման վրա, այսպես կոչված երդմնակալության արարողությունը սեպտեմբերի 23-ին և Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ընդունված նոր մանդատը չունեն բավարար ժողովրդավարական լեգիտիմություն»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ:

Դրանում նշվում է նաև, որ Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ:

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են զանգվածային բողոքներ ընդդեմ արդյունքների կեղծման: Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարեցին, որ չեն ճանաչում քվեարկության պաշտոնական արդյունքները:

Սեպտեմբերի 23-ին Լուկաշենկոն գաղտնի ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում: