Չինաստանը «նախազգուշացրել է» ամերիկացիներին

Համաշխարհային հանրությունը հասել է մի յուրատեսակ կիզակետի. այժմ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի հավանականության ամենաանհավատները կարող են տեսնել՝ ամեն ինչ հնարավոր է։ Ապոկալիպսիսն ավելի մոտ է, քան երբևէ: Օրերս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) զինված ուժերը հրապարակել են տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես են չինական N-6K ռմբակոծիչների ուժերով բառացիորեն մոխրակույտի վերածվում Միկրոնեզիայի Գուամ կղզու ամերիկյան «Անդերսեն» ավիաբազան: Չինաստանի հայրենասիրական տեսանյութը ցույց է տալիս ԱՄՆ ավիաբազայի ոչնչացումը N-6K ռմբակոծիչների ուժերով՝ չնայած ամերիկյան ՀՕՊ ուժերի, ավիացիայի և ռազմանավերի հուսալի պաշտպանությանը: Չինական ռազմավարական ինքնաթիռները հաջողությամբ հասնում են իրենց նպատակներին, կատարում իրենց տրված առաջադրանքը, այնուհետև տեղի է ունենում նրանց հաղթական վերադարձը տեղակայման օդանավակայան:

Գրեթե բոլոր դիտորդները ուշադրություն են դարձնում այն ​​փաստին, որ բեմադրված տեսանյութը ցույց է տալիս իրադարձությունների արդյունքը, որը միանգամայն իրական է: ՉԺՀ բանակը պատրաստ է ԱՄՆ-ի վրա նման հարձակման: Վերլուծաբանները նշում են, որ Չինաստանը օգտագործելու է ոչ միայն ռմբակոծիչներ, այլև միջմայրցամաքային և թևավոր գերձայնային հրթիռներ: Այսօր Չինաստանի ռազմաօդային ուժերի խոցելիությունը զգալիորեն ավելացել է ամերիկյան ռադարների կողմից նրանց ինքնաթիռների տեսանելիության պատճառով: Բայց դա չի բացառում ՉԺՀ-ի հնարավորությունը ԱՄՆ ամենամեծ ռազմավարական կայաններից մեկի` «Անդերսեն» ավիաբազայի ոչնչացման համար: Չնայած «անտեսանելի» ինքնաթիռներ պատրաստելու (հատկապես ամերիկյան ռադարների համար) տեխնոլոգիան «գտնելը» խնդիր չէ, այդ տեխնոլոգիան Չինաստանին կարող են վաճառվել անմիջապես ԱՄՆ-ում:

Դեռ 2017 թ. Հյուսիսային Կորեայի ՑՏԱԿ գործակալությունը հաղորդել էր, որ Կորեայի ժողովրդական բանակը մշակում է Գուամում ԱՄՆ ռազմական օբյեկտների դեմ կանխարգելիչ հրթիռային հարվածի պլան: Այն ժամանակ առիթ էր հանդիսացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ով խոստացել էր Փհենյանի ելույթներին պատասխանել «կրակով և կատաղությամբ, ինչպիսիք աշխարհը դեռ չի տեսել»: Հիմա, ճիշտն ասած, Թրամփը «չտեսնված հարվածներով» հիմնականում սպառնում է միայն Իրանին ու Չինաստանին: Սակայն Պեկինում որոշել են, որ ժամանակն է «զովացնել ամերիկացիներին», և հայտնվել է համապատասխան տեսանյութը (դիտեք՝ https://www.youtube.com/watch?v=-XRWXmTl9gw):

Գուամ կղզում տեղակայված են երկու ամերիկյան բազաներ՝ ՌՕՈՒ «Անդերսեն» բազան և ՌԾՈՒ «Ապրա-Հարբոր» բազան, որոնք զբաղեցնում են կղզու տարածքի մեկ երրորդը: Բազաների անձնակազմը կազմում է շուրջ 7 հազար մարդ: Բազաները սպասարկում են ամերիկյան ռազմավարական շահերը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ)՝ մոտ լինելով Արևելյան և Հարավարևելյան Ասիայի պետություններին, մասնավորապես՝ Չինաստանին, Հյուսիսային և Հարավային Կորեային և Ճապոնիային: Ամերիկյան զինված ուժերի ներկայությունն այստեղ թույլ է տալիս Միացյալ Նահանգներին արագ արձագանքել իր ազգային անվտանգության սպառնալիքներին և ռազմադիվանագիտական ​​ազդեցություն ունենալ տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա: «Անդերսեն» բազայում տեղակայվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 36-րդ օդային թևը, որը պատկանում է Խաղաղ օվկիանոսի գոտու ռազմաօդային ուժերի հրամանատարությանը: Եկեք նախնական եզրակացություն անենք. Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (ՉԺԱԲ) Գլխավոր շտաբն ունի Միացյալ Նահանգների դեմ պատերազմի ռազմավարության և մարտավարության ծրագիր, և ամեն ինչ կսկսվի Գուամ կղզում ամերիկյան հենակետերի (բազաների) ոչնչացմամբ: Ինչ կլինի հետո. ավաղ, մեր երևակայությունը նույնիսկ ի վիճակի չէ պատկերացնել: Սակայն Թրամփը յուրատեսակ «նվեր» է ստացել  ՉԺԱԲ-ից՝ նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ ընտրարշավի վերջին փուլում…

Սերգեյ Շաքարյանց