Նոբելյան մրցանակի հանձնման ավանդական արարողություն տեղի չի ունենա

Շվեդիայում 1944 թվականից ի վեր առաջին անգամ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկել են քիմիայի, գրականության, բժշկության, ֆիզիկայի, տնտեսության բնագավառներում Նոբելյան մրցանակի հանձնման ավանդական արարողությունը, որը նախատեսված էր դեկտեմբերի 10-ին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, կազմակերպիչները հայտարարություն են տարածել։

«Շարունակվող համաճարակը վկայում է այն մասին, որ սա եզակի տարի է Նոբելյան մրցանակի պատմության մեջ: Մեդալներն ու դիպլոմները բարեհաջող կփոխանցվեն դափնեկիրներին իրենց երկրներում՝ դեսպանատների և դափնեկիրների համալսարանների միջոցով»,- նշված է հայտարարության մեջ:

Նոր ձևաչափի շրջանակներում Ստոկհոլմի քաղաքապետարանում կստեղծվի հեռուստատեսային ստուդիա, որտեղ մուտք կգործեն միայն սահմանափակ թվով մարդիկ: Հաղթողների հետ կապ կհաստատեն առցանց. նրանց կխնդրեն իրենց համալսարաններում կամ դեսպանատներում տեսախցիկների առջև լինել: Ենթադրվում է, որ նման ձևաչափը հնարավորություն կտա հրաժարվել դափնեկիրների ավանդական դասախոսություններից:

Նշվում է, որ նույն կերպ կանցնի նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը, սակայն տվյալ դեպքում արարողությունը տեղի կունենա Օսլոյի համալսարանի լսարաններից մեկում, որտեղ կթույլատրվի ներկա գտնվել սահմանափակ թվով հանդիսատեսի:

Ինչպես նշել է Նոբելյան կոմիտեի գործադիր տնօրեն Լարս Հեյկենսթենը, դեռևս գարնանը լուրջ մտավախություններ կային, որ չի հաջողվի արարողությունն անցկացնել:

«Հեշտ որոշում չէր նման ձևաչափով պարգևներ հանձնելը։ Բայց մենք պետք է լսենք գիտնականներին, զգույշ լինենք և  հաշվի առնենք այն պահանջները, որոնք առաջացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով»,- հայտարարել է Հեյկենսթենը։