Սոցծառայությունները քաղաքացիներին կմատուցի Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի՝ 2021 թվականին ապրիլից սոցիալական ծառայությունները քաղաքացիներին կմատուցվի մեկ պատուհանից՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի կողմից: «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 88 կողմ ձայն:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը պատգմավոր Արտակ Մանուկյանն առաջարկել է ձեռնպահ մնալ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծվող մեկ միասնական կառույցը՝ համալիր սոցիալական ծառայության տեսքով ստեղծելուց: Ըստ այդմ առաջարկվել է նախագծերի փաթեթից հանել նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, քանի որ այս դեպքում նախարարությանը ենթակա համալիր սոցիալական ծառայություն ստեղծելու անհրաժեշտություն չկա:

Կառավարությունը դիտարկել է այս հնարավորությունը՝ ստեղծվող բարեփոխումն իրականացնել գրասենյակի կարգավիճակով և որոշել է ընդունել առաջարկը: «Սակայն գրասենյակի պարագայում մենք կարիք կունենանք անցումային հոդվածներով երկարաձգումն իրականացնել ոչ թե հունվարի 1-ով, այլ 2021 թվականի ապրիլի 1-ով: Երկարաձգման անհրաժեշտությունը կապված է այն հանգամանքի հետ, որ գրասենյակն այլևս չի ունենա աջակցող ստորաբաժանումներ, և աջակցող ստորաբաժանումների գործառույթները կիրականացվի նախարարության ռեսուրսներով, նախարարության աջակցող ստորաբաժանումներով, և կարիք կլինի լրացուցիչ  ժամանակի»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը:

Փոխնախարարը հիշեցրեց բարեփոխման կարևորությունը: Ըստ նրա՝ նպատակը մեկն է, որ քաղաքացները, հատկապես սոցիալապես անապահով խոցելի խմբերը ոչ մի օր, ոչ մի ժամ չզրկվեն սոցիալական ծառայություններ ստանալու հնարավորությունից:  Հիմնական փոփոխությունների մասին խոսելիս՝ Ժամակոչյանը թվել էր լիազորությունների մեծացման հնարավորությունը և օրենքով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը: