Սերժ Սարգսյանը իշխանության գալու հավակնություն չունի․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում ամեն ամիս և տարվա ամեն եղանակ է թեժ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ գործող իշխանության պարագայում քաղաքական կլիշեները չեն աշխատում:

«2018 թ. մայիսից սկսած տարբեր պատճառներով այս Կառավարությունը  առիթ է ստեղծել մշտապես, որ ցանկացած ամիս թեժ անցնի Հայաստանում: Ռետրոսպեկտիվ  անալիզ անելով՝ կարող ենք տեսնել, որ այս ամենի հիմքում դրված է Նիկոլ Փաշինյանի  և իր Կառավարության կիսագրագետ, դեմագոգիկ, անպատասխանատու  կեցվածքը ցանկացած ոլորտում: Վերջերս ես ինձ բռնեցի այն մտքին, որ այս Կառավարությունը կարծես կոմիքսների Կառավարություն լինի, կոմիքսների հերոսների Կառավարություն: Ցավոք սրտի, այդ կոմիքսների գինը վճարում է ժողովուրդը և պետությունը: Ես կառաջարկեմ դուրս մնալ ժամանակային կլիշեներից: Այո, աշունը լինելու է թեժ այնպես, ինչպես եղավ ամառը թեժ, ինչպես գարունն էր թեժ, այնպես, ինչպես ձմեռն է թեժ լինելու»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում օրեցօր աճում են դժգոհությունները, որոնք պետք է ընկած լինեն քաղաքական գործընթացների հիմքում:

«Ներքաղաքական տեսակետից այսօր ունենք աճող դժգոհություն, հիասթափությունը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որի մասին խոսում են արդեն բոլոր մասնագետները: Այդ ճգնաժամի կանխատեսումները հիմնված են ոչ թե քաղաքական գնահատականների, այլ նույն պետական Վիճակագրական ծառայության թվերի վրա, Կենտրոնական բանկի նախագահի մի շարք, կարելի է ասել, սկանդալային հայտարարությունների վրա՝ կապված վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետևողական նվազման հետ: Ես տնտեսագետ չեմ, չեմ ուզում այդ դաշտին մանրամասն անդրադառնալ, բայց կարող եմ ասել, որ քաղաքական պրոցեսների հիմքում ընկած են լինելու նաև տնտեսական խնդիրները, որոնց առնչվում է Հայաստանը»,- ասաց Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում