Արցախի նախագահը հանդիպել է Դավիթ Տոնոյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել Պաշտպանության բանակի և Զինված ուժերի միջև փոխգործակցության բարձր մակարդակից՝ ընդգծելով, որ պաշտպանունակության և արտաքին անվտանգային խնդիրները գտնվում են ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այս համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն ռազմական կարողությունները:

Դավիթ Տոնոյանը ողջունել է նախագահին նախարարություն կատարած պաշտոնական առաջին այցի կապակցությամբ, և վստահեցրել, որ համադրված ու համակարգված աշխատանքների միջոցով շարունակելու են ամրապնդել հայկական երկու պետությունների անվտանգային համակարգը: