Թուրքադրբեջանական սպառնալիքը և Հայաստանի դիրքորոշումը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ  Լևոն Մնացականյանը, որի հետ քննարկեցինք Հայաստանի անկախության և պետականության վերականգնման 29-ամյա ձեռքբերումներն ու բացթողումները։

Խոսեցինք նաև ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, թե ինչ էին ինքը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել Դուշանբեի բանակցությունների ժամանակ։

Փաստորեն ՀՀ վարչապետը ժամանակ է խնդրել Ալիևից՝ խոստանալով խնդրի կարգավորման այնպիսի լուծում գտնել, որը ձեռնտու կլինի նաև Ադրբեջանին։ Եվ վարչապետը սա չի էլ թաքցրել՝ ամեն պատեհ ու անպատեհ առիթով հիշեցնում է Արցախի խնդրի կարգավորման իր այդ բանաձևը, բայց չի նշում, թե օրինակ Հայաստանի ու Արցախի և Ադրբեջանի համար միաժամանակ ընդունելի տարբերակն ինքն ինչպես է պատկերացնում։

Այս ֆոնի վրա ինչ պատկեր ունենք։ Ադրբեջանը երկու տարի անարգել ամրացնում է իր սահմանային դիրքերը, մեծ թվով զինամթերք է ձեռք բերել, զորավարժությունների անվան տակ իր տարածքում և Նախիջևանում տեղակայել է Թուրքիայի երրորդ դաշտային բանակը։

Արցախի խնդրի կարգավորման շուրջ ընթացող գործընթացները ինչ զարգացում են ունեցել 29 տարիների ընթացքում։

Դիտարկեցինք թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության նոր զարգացումներն ու միտումները և Հայաստանի ու Արցախի համար դրանցից բխող նոր սպառնալիքները։ Օգտվելով հայ-ադրբեջանական հուլիսյան ռազմական բախումից, Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններից հետո Թուրքիան զորախումբ է տեղակայել Ադրբեջանում, ներառյալ Նախիջևանում և պաշտոնապես իրեն հայտարարել ԼՂ հակամարտության կողմ։

Իրեն պաշտոնապես հայտարարելով ԼՂ հակամարտության կողմ` Թուրքիան ստեղծում է որակապես այլ իրավիճակ և փորձում ուղղակիորեն ազդել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վրա, ռազմաքաղաքական միջամտությամբ փոխելով Հարավային Կովկասի անվտանգության համակարգը:

«Հայրենիք» կուսակցությունն առաջիկայում պատրաստվում է իր կոալիցիոն գործընկեր կուսակցությունների հետ մեծածավալ բողոքի ակցիա իրականացնել։ Լևոն Մնացականյանը հնարավորինս բացեց փակագծերը, թե ինչ ներուժ ունեն և ինչ ծրագրեր պետք է իրականացնեն նոր իշխանություն ձևավորելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում