«ԱԱԾ-ն՝ որպես իրավապահ մարմին քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի». Ա․ Քյարամյան

«Բոլորիս շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ, ցանկանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում անկախությունը և ինքնիշխանությունը հարատև լինեն, և այս համատեքստում կուզենայի ընդգծել, որ անկախությունն ու ինքնիշխանությունն այնպիսի կատեգորիաներ են, որոնք ամենօրյա պայքարի միջոցով ապահովելու խնդիր ունեն, և այդ պայքարը մեզանից յուրաքանչյուրս պետք է ապահովենք»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ է փոխվել ԱԱԾ-ում, Քյարամյանը պատասխանեց, թե ինքը չէ, որ իր աշխատանքի արդյունքն ու արդյունավետությունը գնահատի:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին նախօրեին հրապարակված ռուսական «Դոսյե» կենտրոնի հետազոտական զեկույցից, որտեղ նշվել էր, թե Կրեմլը Հայաստանի գրեթե բոլոր բարձր կառույցներում ունեցել է «ագենտներ», այդ թվում՝ ԱԱԾ նախկին տնօրենների անուններն էր շրջանառվել, հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ն ուսումնասիրի այդ փաստաթղթերը:

«Այդ հոդվածն ամբողջությամբ իրենից ենթադրում է հանցագործության մասին հաղորդում, և ԱԱԾ-ն՝ որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի: Այս պահին դրա վերաբերյալ որևէ այլ բան ասել չեմ կարող: Գործընթացն արդեն իսկ սկսվել է, սակայն դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին չեմ կարող տալ»,- հավելել է Քյարամյանը:

Հարցին, թե ԱԱԾ-ից լյուստացիա են պահանջում, հնարավո՞ր է՝ նման գործողության ականատես լինեն, թե՞ ոչ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց.

«ԱԱԾ-ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, ովքեր իրենց աշխատանքը կատարում են՝ ի բարօրություն Հայաստան աշխարհի և, բնականաբար, ինչպես բոլոր մնացած կառույցներում, այդ թվում՝ նաև ԱԱԾ-ում, կան անձինք, որոնք բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն Ազգային անվտանգության ծառայության շարքերը: Այդ պրոցեսը սկսվել է, ես կուզենայի, որ նաև ճիշտ ընկալվի իմ ասածը, դա բնականոն գործընթաց է՝ մարդիկ գալիս են, մարդիկ գնում են, որևէ արտառոց այլ միտք փնտրել տեղին չէ»:

Դիտարկմանը, թե Հայաստանի ԱԱԾ-ն ընկալվում է ռուսական ԱԴԾ-ի կցորդ, սպասարկում է այդ կառույցի շահերը, Քյարամյանը պատասխանեց, որ շատ լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի գործընկերների հետ.

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք նաև այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ: Շատ բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ ունեցած մեր ավանդական շփումները, սակայն Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն միտված է առաջին հերթին պաշտպանելու ՀՀ ազգային անվտանգությունը, մեր պետության ու ազգային շահը»: