Թրամփը տարակուսանք է հայտնել այն քննադատության կապակցությամբ, թե նա «լեզու է գտնում» Վլադիմիր Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարակուսանք է հայտնել այն քննադատության կապակցությամբ, թե նա «լեզու է գտնում» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Այսպիսի հայտարարությամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել ուրբաթ՝ Մինեսոտում կայացած նախընտրական հանրահավաքի ելույթի ժամանակ:

«Եթե ես լավ հարաբերությունների մեջ եմ Պուտինի հետ, ինչ-որ մեկն ասում է. Նա լեզու է գտնում է Պուտինի հետ,- դժգոհել է Թրամփը:- Դրան ես պատասխանում եմ. Դա արդյո՞ք լավ չէ: Մի՞թե դա վատ է»: Միևնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդը մեկ անգամ ևս նշել է, որ մինչ ներկայիս վարչակազմը ոչ ոք «պատժամիջոցների առումով ավելի կոշտ չի եղել Ռուսաստանի նկատմամբ»:

Դեռևս 2016-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը անընդհատ շեշտում էր, որ ինքը ակնկալում է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, որպեսզի համատեղ փնտրի մեր ժամանակի կարևոր մարտահրավերների պատասխանը: Հակառակորդներն անմիջապես մեղադրեցին նրան Ռուսաստանի նկատմամբ չափազանց համակրանքի և ԱՄՆ ազգային շահերին դավաճանելու մեջ:

Հաջորդ համընդհանուր ընտրությունները Միացյալ Նահանգներում տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Այդ ժամանակ կընտրեն նախագահին և փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մեկ երրորդին, 13 նահանգների և տարածքների կառավարիչներին: Նախագահի պաշտոնի համար Հանրապետական ​​Թրամփի հետ կմրցի դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը: